Հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի. Մովսես Հակոբյան
ОбществоՂարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
«Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ եւս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը եւս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար»,-ասել է Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարո՞ղ է տևական լինել:
«Ինչքան կտեևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևՍ մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ», - մանրամասնել է Հակոբյանը:
«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, եւ կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և համապատասխան միջոցառումներ իրականացրել են»,-ասել է նա և հավելել. «Իրենց մտադրությունը մինչև Ստեփանակերտ հասնելը երազանքի ոլորտից է, որովհետև Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է այնտեղ, որտեղ ամեն մի կտոր հողի համար կա զինվոր և մարտնչելով հակառակորդին այդ հնարավորությունը երբեք չի ընձեռելու»,-ասել է Հակոբյանը:
Հակոբյանն ընդգծել է, որ հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով` դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով և փորձել գործել չորս ուղղություններով, սակայն Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել և կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը. «Մեր պաշտպանությունը բազմաշերտ է և հակառակորդն այս գործողությունների ընթացքում դա հասկացավ»:
Մովսես Հակոբյանի խոսքով, հայկական բանակն ուժեղ և պատրաստված է և դա ապացուցվեց շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած հաջողություններով:
«Մեր երիտասարդները, բանակն ապացուցեցին, որ իրենք այն տղաների զավակներն են, որոնք 94թ. հաղթանակ են կերտել և փոխանցել իրենց: Իրենց գործողություններով ապացուցեցին, որ առավել են 92-94թ. ավագ սերնդից»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր ժամկետային զինծառայողները և մասամբ պայմանագրային զինծառայողները դիմագրավել են հակառակորդի հատուկ պատրաստված բրիգադաներին: «Տեսել եք մեր զինվորների սխրագործությունները, մեր հրամանատարների կայացրած որոշումները, որոնք միայն հպարտանալու առիթ են տալիս: Կարծում եմ, որ հակառակորդն այս ամեն ինչից հետևություններ արեց և եթե նման ձևով կրկին փորձի հարձակվել Արցախի վրա, ավելի խիստ պատասխան կստանա»,-ասել է նա:
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ահռելի քանակությամբ՝ ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ էլ Հակոբյանը հայտարարել է․ «Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը այդ զենքի վաճառքի գնահատականը տվել է, կարծում եմ՝ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: Կիսում եմ նախագահի մտահոգությունը»:
Դիտարկմանը, թե ադրբեջանական լրատվամիջոցները YouTube-ով եւ այլ սոցցանցերով լուրեր են տարածում, թե ինքը ծանր վիրավորված է, ոմանք էլ պնդում են, թե սպանվել է, Մովսես Հակոբյանը հայտարարել է․ «Ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ և Ձեզ հետ զրուցում եմ: Պիտի ասեմ, որ ինձ սպանելը կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետև ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում և ամբողջ ծառայությունս եղել է պատերազմի գոտում, գիտեմ պատերազմը ինչ է և դրանից պատսպարվելը գիտեմ»: