Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը նվիրված էր Ռոբերտ Էլիբեկյանին
КультураՀայ արվեստագետ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակի կապակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» ավանդական շարքն այս անգամ նվիրված էր մեծանուն արվեստագետին: Այն անցկացվեց կենտրոնի «Ռոբերտ Էլիբէկյան. Արտացոլումներ» ցուցադրության շրջանակներում, որին մասնակից էին Էլիբեկյանի ընկերներն ու արվեստագետները:
Ռոբերտ Էլիբեկյանը պատմեց, որ ցուցադրության համար ընտրվել են 1967-2015 թ.թ. ստեղծված նկարները:
«Հայաստանը հարուստ է եղել թատրոնով, երաժշտությամբ, գեղանկարչությյամբ, կինոյով. դրանով են արվեստագետները սնվում»,- կարծում է գեղանկարիչը: Ռոմերտ Էլիբեկյանի համար չկա ներշնչանքի ստույգ աղբյուր. նրա համոզմամբ` նկարչի վրա ազդում է ամեն ինչ: Այն հարցին, թե ինչն է փոխվել իր արվեստի մեջ տարիների ընթացքում, նա պատասխանեց, որ ակնհայտորեն եղել է ձեռագրի փոփոխություն, բայց հիմնականը միշտ մնում է: Էլիբեկյանը խոստովանեց, որ երբեք չի մտածել, թե իր աշխատանքներում ինչ ընդհանուր գիծ կա, սակայն նշեց, որ հստակ երևում է կանացի աշխարհը, թատրոնն ու կրկեսը, անհանգստացնող ներքին խնդիրները:
«Հայաստանը հիմա դժվար ժամանակներ է ապրում. հավանական է, որ մի քանի տարի անց դրանք էլ կազդեն արվեստիս վրա»,- հավելեց նկարիչը: Գույների ընտրության մասին խոսելիս նա ասաց, որ նախապատվություններ չունի:
Ըստ նրա` սև ու սպիտակով արված գործը երբեմն ավելի վառ կարող է թվալ, քան գունավորը: «Ամբողջը բնազդների հիման վրա է, ես առաջնորդվում եմ զգացմունքներով, և մատների բարձիկները այն զգայարաններ են, որ օգնում են նկարչին»,- շեշտեց նա:
Ցուցադրությանը մասնակից գեղանկարիչ Մուշեղ Մխիթարյանն ասում է, որ ծնված օրվանից հիացել է Էլիբեկյանի նկարներով: Ամենասիրած գործերը վաղ ստեղծագործական շրջանում` 1967-ից 1970-ականներին արված նկարներն են:
«Այդ կտավներում զգացվում է անմիջական խենթություն` առանց հաշվարկի: Ուշ շրջանի ստեղծագործություններում կա իմաստություն, միտք, վաղ շրջանում` թրթիռ ու զգացմունք»,- կարծում է Մխիթարյանը: Տարիների ընթացքում ձեռագիրն այնպես է փոխվում, որ պատկերներում պակասում են զգացմունքները, իսկ գաղափարը դառնում է ավելի խորը: Նկարիչը ընդգծեց, որ խոհրդային տարիներին արվեստում գերիշխող ուղղությունը սոցռեալզիմն էր, իսկ Էլիբեկյանը հեղափոխություն է արել` դուրս գալով այդ հոսքից:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող օգնական Արմեն Եսայանցը կարծում է, որ Ռոբերտ Էլիբեկյանի թողած ժառանգությունը հետագա սերունդներին ուղղակի հսկայական է:
«Նրա արվեստը ներկայացնում է նորովի մի աշխարհ, որտեղ կյանքը հանդես է գալիս որպես թատրոն, և դրան կարող ենք հասնել միայն իր կերտած կերպարների միջոցով: Էլիբեկյանի կտավները, կարելի է ասել, դուռ են բացում դեպի նրա աշխարհ»,- նշում է Եսայանցը: Նա հավելեց, որ մինչ այդ եղել են բազմաթիվ ցուցահանդեսներ, բայց այս մեկն առանձնահատուկ է. ներկա յացված են մոտ 10 կտավներ նկարչի ստեղծագործական կյանքի վաղ շրջանից, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել: