Արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքը. Արծվիկ Մինասյան
ЭкономикаԿառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ընդհանուր արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են, սակայն դրականն այն է, որ արտահանման աճը կազմել է 26.3 տոկոս:
Դա նշանակում է, որ առևտրաշրջանառության մեջ դիվերսիֆիկացիան և կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս են դրական արդյունքներ: Բավարա՞ր է արդյոք այս տեմպը, կարծում եմ, որ բավարար չէ և պետք է շարունակել աշխատել այս ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով սպառողական գների ինդեքսին` նախարարը նշեց, որ 1.4 տոկոս գնանկում է արձանագրվել:
«Որպես էկոնոմիկայի նախարար ինձ համար մտահոգիչ է, որովհետև մենք այս դեպքում ունենք տնտեսական աճի կասեցում: Ցավոք, այդ կասեցումը չի ուղեկցվում կենսամակարդակի ցուցանիշերի ավելի բարձր աճով:
Հետևաբար, այս տեսակետից կարիք կա տնտեսական աճի և ֆինանսական շուկայում իրականացվող քաղաքականությունների համադրման: ԿԲ-ի կողմից խիստ դրամավարկային քաղաքականությունը գուցե այսօր անհրաժեշտ է գնաճի զսպման համար, բայց այն էականորեն սահմանափակում է տնտեսական աճի հնարավորությունները: Այս առումով մենք քաղաքականությունների համադրման և նոր մոտեցու մների կիրառման կարիք ունենք»,-ավելացրեց նախարարը:
Խոսելով ներդրումային քաղաքականությունից` Արծվիկ Մինասյանը նշեց, որ ներդրումերի ներգրավման տեսակետից անհրաժեշտ է օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի ամբողջացում: «Այսօր մենք նախաձեռնել ենք «Օտարերկրյա ներդումների մասին» նոր օրենքի մշակման աշխատանք: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ներդրողների իրավունքների պաշտպանության հարցը: Նախատեսում ենք ներդնել վերհայաստանյան դատական համակարգի պաշտպանության մեխանիզմներ:
Դա թույլ կտա, որ այն տնտեսական վեճերը, որոնք հայաստանյան դատական համակարգում տարբեր պատճառներով չեն կարողացել ստանալ արդարացի լուծում, դուրս գան Հայաստանից: Սա լրացուցիչ հնարավորություն է, մի կողմից, ուժեղացնելու ներդրողների պաշտպանությունը, մյուս կողմից` նաև մրցակցության մեջ դնելու դատական ատյաներին»,-ավելացրեց նախարարն` ընդգծելով, որ քայլեր են ձեռնարկվելու նաև փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանության համար: Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը:
Նա ընդգծեց, որ պետք է իրականացնել հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն, ինչը ենթադրում է նոր օրենսդրություն, նոր մոտեցումներ:
Խոսելով ըստ ոլորտների աջակցության մեխանիզմներից` Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարևորագույն ոլորտ է շարունակում մնալ տեղեկատվական տեխնոլոգիաները: Այն ունի մեծ ներուժ և ապագայում կարող է էական առաջընթաց արձանագրել նաև մյուս ճյուղերի համար: Նախարարը կարևորեց տարբեր ոլորտների ընկերությունների տեխնոլոգիական վերազինումը, առանց դրա հնարավոր չէ արձանագրել տնտեսական առաջընթաց:
Ինչ վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, ապա նախարարը նշեց, որ այս ոլորտը զարգացնելով, մենք ոչ միայն Հայաստանն ենք ճանաչելի դարձնում, այլև կարող ենք ապահովել տնտեսական կայուն եկամուտ: «Սրան զուգակցվում է ավիացիոն քաղաքականությունը, որտեղ որդեգրելով բաց երկնքի քաղաքականություն, մենք ունենում ենք էական առաջընթաց: Մասնավորապես, բազմաթիվ ավիաընկերություններ իրենց մուտքն են ապահովում հայկական օդային տարածք»,-հավելեց նախարարը: