Ադրբեջանը պետք է իմանա, որ իր ոտնձգություններն անպատիժ չեն մնալու. Դավիթ Բաբայան
ИнтервьюԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:
Սահմանին տիրող լարված վիճակի և մի շարք այլ կարևոր հարցեր շուրջ Orer.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: «Իհարկե, լարվածությունը պահպանվում է, սակայն համեմատած այն վիճակի, որը մենք տեսել ենք ապրիլյան չորս օրերի, նույնիսկ մեկուկես կամ երկու տարիների ընթացքում, իրավիճակը շատ ավելի կայուն է»,- նշեց պարոն Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդը շարունակում է իր ստոր քաղաքականությունը ու անընդհատ խախտում զինադադարի ռեժիմը: Հարցին, թե արդյոք այս օրերի լարվածությունը ուղիղ կապ ունի Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա հետ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այո՛, սահմանի լարվածությունը կարելի է կապել ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակման օրվա հետ: Այս օրերն իրենց դերակատարությունն ունենում են այն առումով, որ հակառակորդը սովորաբար այսպիսի օրերին հատուկ նենգություն է ցուցաբերում և մեզ համար ողբերգական օրերին «շնորհավորում է»՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ցույց տալով, որ, որպես պետություն, որպես կառույց, ահաբեկչական է ու ցեղասպան»: Անդրադառնալով ու կարևորելով ՀՀ ու ԼՂՀ նախագահների այսօրվա հայտարարությունները Դավիթ Բաբայանն ասաց, որ երկու երկրների նախագահների հայտարարություններն ուղղված էին ինչպես Ադրբեջանի իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը: «Դժբախտաբար, Ադրբեջանը հայտարարություններից չի սթափվում: Այդ հայտարարությունները, իհարկե, նաև միջազգային հանրությանն են ուղղված: Պետք է նշեմ, որ Ադրբեջանին սթափեցնում է մեր զորքը, բայց նախագահների նման հայտարարությունները շատ կարևոր են այն առումով, որ մենք Ադրբեջանին հստակ ասենք, որ այսպես է լինելու, որ հանկարծ չիմանան, թե իր ոտնձգություններն անպատիժ են մնալու»,- հավելեց նա:
Սոսե Չանդոյան