Մենք ենք թելադրելու Ադրբեջանին, թե նա ինչ անի. Արագած Ախոյան
ИнтервьюԹե ինչ զարգացումներ կստանան սահմանային լարվածությունները, թերեւս, ոչ ոք չի կարող ասել, ամեն ինչ կախված է բանակցություններից ու հնչող հայտարարություններից: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
«Ադրբեջանը պետք է լավ իմանա, որ ցանկացած պահի մեզանից յուրաքանչյուրը զինվոր է: Մենք քառօրյա պատերազմում հասկացանք մեկ բան, որ մեր հույսը մեզ վրա պետք է դնենք: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու, ինչպես Ադրբեջանն է պատկերացնում: Մենք ենք թելադրելու Ադրբեջանին, թե նա ինչ անի, համոզված եմ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ որքան էլ ադրբեջանական կողմը խոսի զենքի քանակի մասին, միեւնույն է, ոգու ու կամքի առավելության մասին խոսել չեն կարող: Իրենց ոգով նրանք մեզ չեն հասնի:
«Մենք տեսանք, թե ինչպես ադրբեջանական կողմը ապրիլյան իրադարձությունների մեջ ներքաշեց «Գորշ գայլեր» խմբավորմանն ու մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների, սակայն մենք տեսանք նաեւ, թե ինչպես նրանք մնացին սահմանին, իսկ մի մասն էլ պարզապես փախավ՝ անգամ վարձավճարներ չստանալով, այդ իսկ պատճառով հետադարձ ճանապարհին ժողովրդին վնասեց ու թալանեց»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ չկա մի հարց, որն իր լուծումը չունենա: «Այս պարագայում կարեւոր է, թե ինչ շահագրգռություն ունեն կողմերը, այդ թվում՝ նաեւ գերտերությունները: Համոզված եմ, որ այս ներկապնակի մեջ կամ ճաշի մեջ բոլորն իրենց դիրքն ու ակնկալիքներն ունեն: Թեպետ հնչում են կարծիքներ, թե մենք ոչ ոքի չենք հետաքրքրում, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ դա անհնարին է: Ճիշտ է, առաջին հերթին մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, սակայն շատերն են շահագրգիռ խնդրի զարգացումներով»,- ասաց պատգամավորը: