Պետք է այդ չորսօրյա պատերազմը լիներ, որ նո՞ր ասեինք, որ այս է պետք, այն է պետք. Ա. Վիրաբյան
ИнтервьюՀայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած Ադրբեջան պետության անունը չի համապատասխանում իրականությանը, բայց այն ձևավորվել է այն նույն սկզբունքով, ինչ սկզբունքով ձևավորվել են Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունները: Նրա կարծիքով՝ դա, սակայն, չի նշանակում, որ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել Լեռնային Ղարաբաղը, քանի որ այդ ժամանակից գործել է ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարը:
«Ադրբեջանը ԼՂՀ-ն պահանջելու իրավունք չունի, սակայն Լեռնային Ղարաբաղը մնացել է վիճելի տարածքի կարգավիճակում, քանի որ անգլիացիները հայերին մշտապես խաբելով ասել են, որ ԼՂՀ-ի հարցը կլուծվի Փարիզի վեհաժողովում, որն այդպես էլ չլուծվեց: Անդրանիկ զորավարին դրանով են կարողացել համոզել, որ չմտնի Ղարաբաղ»,- ասում է Ա. Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ քանի որ ազգային պետությունների ձևավորումն սկսվել է 1918-ից, այն ԱՄՆ-ի կողմից ներդրված նորություններից է եղել և մինչ այդ ազգային պետություններ չեն եղել, այլ եղել են, ինչպես Ավստրո-հունգարական, այնպես էլ այլ կայսրություններ, որոնց կազմում հարյուրավոր ազգեր են եղել:
«Ազգային պետությունների ձևավորումն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918-ից, իսկ այդ ընթացքում դեռևս շատ երկրներ շարունակում էին հանդես գալ կայսերապաշտական դիրքերից, ինչպես վրացիները: Նույն վրացիները սկզբում ասում էին, որ Ախալցխան և Ախալքալաքը պետք է անցեն Հայաստանին, սակայն հենց անցան իշխանության, սկսեցին նույնիսկ Լոռին պահանջել, իսկ Ախալքալաքի և Ախալցխայի մասին այլևս խոսք չկար»,- ասում է Արխիվի տնօրենը:
Նրա կարծիքով՝ ԼՂՀ-ի հարցը պետք է լուծվի միայն ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում: Խոսելով ներկայիս արցախա-ադրբեջանական սահմանային լարվածության մասին՝ Ա.Վիրաբյանը նշեց, որ այն դեռ երկար կպահպանվի, քանի որ ԼՂՀ-ի հարցի լուծման բանալին դեռ որևէ մեկի ձեռքում չէ, իսկ պատմության ընթացքում թույլ տրված անցյալի սխալներն ուղղելը, նրա կարծիքով, այնքան էլ իրատեսական չէ.
«Այսօր ո՞վ է պատմությանն ուշադրություն դարձնում: Պատմությունը միայն դպրոցականներին սովորեցնելու համար է: Գործնական կիրառման համար պատմությունը դեր չունի: Կոսովոյի համար դեր ունի, իսկ Հայաստանի համար ոչ, քանի որ այստեղ գոյություն ունեն գերտերությունների շահեր, խնդիրներ և այլն»,- ասում է Ա.Վիարբյանը:
Նրա կարծիքով՝ մեզ պետք է ոչ թե պատմության էջերը քրքրել, այլ պետք է երկիրն ուժեղացնել և ոչ թե նստել-սպասել, թե որ գերտերությունն ինչ որոշում կկայացնի: «Ինչո՞ ւ Իսրայելը կարող է 150 միլիոն արաբներին իր կամքը թելադրել, իսկ մենք չենք կարող: Մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չենք անում: Պետք է այդ 4-օրյա պատերազմը լիներ, որ նո՞ր ասեինք, որ նոր տեխնոլոգիներ են պետք, այս է պետք կամ այն է պետք: Ինչի՞ չէին մտածում այդ մասին: Իսրայելի օրինակը լավագույն օրինակն է»,- ասում է Ա. Վիրաբյանը:
Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունները պատմության դասերը չեն սերտել, ինչի պատճառով այն ցավալիորեն կարող է կրկնվել, Ազգային արխիվի տնօրենն ասաց. «Այո´, քանի որ, ցավոք, ժողովրդի խոսքով ասած, նորից հանգում ենք «հայի hետին խելքին»:
Արմինե Գրիգորյան