«Իրավիճակն անկանխատեսելի է ու փխրուն». Հ. Սահակյանը` ԼՂՀ անկախության ճանաչման ու դրանից բխող հետեւանքների մասին
ИнтервьюԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Orer.am-ի հետ զրույցի ժամանակ խոսելով ԼՂՀ անկախության ճանաչման հարցի շուրջ, ասաց, որ այս պահին վիճակը բավական փխրուն է ու անկանխատեսելի: «Ես չեմ կարծում, որ Երկրագնդի վրա կգտնվի գոնե մեկ հայ մարդ, բացի մեկ-երկու դավաճանից, ովքեր չեն ցանկանա ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ այլ հարց է առաջանում՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, թե՞ դա կանի միայն Հայաստանը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ԼՂՀ ճանաչումից ու հավանական պատերազմից հետո ինչ ձեւաչափերով կարող են կողմերը բանակցել, Հ. Սահակյանն ասաց, թե հիմա դժվար է որեւէ բան կանխատեսել ու խոսել բանակցությունների այն ձևաչափից, որը կլինի հետագայում: «Իրավիճակը բավական փխրուն է ու մենք պետք է ունենանք որոշակի զգոնություն, պետք է դրսեւորենք զսպվածություն: Մենք պետք է խաղաքարտ ու հնարավորություն չտանք Ադրբեջանին: Ամենատեսանելին այն է, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը ցանկացել է Մինսկի խմբի համանախագահող երկրների ձեւաչափին զուգահեռ գործոն դարձնել նաեւ Թուրքիային: Այս պարագայում, եթե մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը, հետեւաբար, մերժում ենք նաեւ այդ ձեւաչափը, որից հետո կլինեն նոր մոտեցումներ ու նոր ձեւաչափեր: Ասեմ, որ այս պահին մենք պետք է ավելի զգուշավոր ու շրջահայաց լինենք, որ կարողանանք մեր հաջորդ քայլերը ճիշտ կազմակերպել: Իրավիճակն անկանխատեսելի է ե´ւ պատերազմի առումով, ե´ւ գործընթացի եւ դրա կազմակերպման հետ կապված»,- ասաց նա: