էմոցիոնալ դաշտում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը հնչում է հայրենասիրական փաթեթավորմամբ, բայց … Սամվել Ֆարմանյան
ИнтервьюՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը՝ որպես անկախ պետություն, մեծ հիստերիա է բարձրացրել ոչ միայն ադրբեջանա-թուրքական վերնախավում, այլեւ ըստ պահի շահավետության նրանց սատար կանգնող պետություններում: ԼՂՀ անկախության ճանաչման ու դրանից բխող հետեւանքների շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:
- Պարոն Ֆարմանյան, այս օրերին ակտիվ շրջանառվում են տեսակետներ, որ ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ իշխանությունների համար գեոպոլիտիկ դաշտում խոշոր խաղաքարտ է միջազգային հանրության հետ խոսելու համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:
- 2008 թվականից սկսած՝ եղել են բազմաթիվ հայտարարություններ, այդ թվում՝ ՀՀ նախագահի կողմից, երբ հստակ ասվել է, որ եթե ադրբեջանական կողմը գնում է լայնածավալ ռազմական գործողությունների ու «փորձ է անում» ռազմական գործողությունների միջոցով խնդիրը կարգավորել, այս պարագայում ՀՀ-ին այլ բան չի մնա, քան ճանաչել ԼՂՀ անկախությունը, կնքել ռազմական օժանդակության մասին պայմանագիր ու ողջ ներուժով ապահովել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը: Այս ամենը, իհարկե, նորություն չէր: Նորությունն այն համատեքստն էր, որում այդ քննարկումները տեղի ունեցան: Ես չեմ կարծում, որ ԼՂՀ անկախության ճանաչումը դիվանագիտական խաղաքարտ է ՀՀ իշխանությունների ձեռքին, քանի որ, ինչ էլ ասենք ու խոսենք, միեւնույն է, իրականությունը պարզ է՝ ԼՂՀ անկախության ճանաչումը եղել ու մնում է հայկական դիվանագիտության առանցքային թիրախներից, նպատակակետերից մեկը ու բոլոր ջանքերն ուղղված են դրան, մենք դա տեսնում ենք միջազգային իրավունքի շրջանակում, խաղաղ ճանապարհով, բանակցված լուծումներ գտնելու միջոցով ու դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ես կիսում եմ այն կարծիքը, որ եթե իրավիճակը մեզ թույլ է տալիս խաղաղ բանակցային ճանապարհով խնդրի հանգուցալուծում, ապա պետք է ձեռնպահ մնալ ոչ այդքան հաշվենկատ որոշման կայացումից: Իրավիճակը, որում մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը, պետք է առնվազն լինի այնպիսին, որ մեր կողմից անկախության ճանաչմանը հաջորդեն այլ պետությունների, այդ թվում նաեւ միջազգային խոշոր խաղացողներից գոնե մեկի՝ Մինսկի խմբի համանախագահողների կողմից ԼՂՀ անկախության նույնանման ճանաչումը, հակառակ դեպքում զուտ էմոցիոնալ դաշտում ԼՂՀ անկախության ճանաչման հարցը հնչում է հայրենասիրական փաթեթավորմամբ, բայց ցանկացած իշխանություն նման որոշումներ կայացնելիս պարտավոր է հաշվի առնել դրան հաջորդող քայլերը:
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են լինելու հաջորդ քայլերը:
-Խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք տեսնում ԼՂՀ անկախությունը, որը չի վիճարկվում ու որը մեր դիվանագիտության նշանակետն է: Այս հարցի լուծման երկու ճանապարհ կա: Ի՞նչ է անկախությունը. դա միջազգային իրավասուբյեկտայնություն է, որը ենթադրում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է տվյալ երկրի անկախությունը՝ դիտարկելով որպես անկախ պետություն, դրանից բխող միջազգային հարաբերությունների ներգրավվածությամբ, պատասխանատվությամբ եւ այլն: Հետեւաբար, խնդրի էությունն այն է, որ մենք պետք է հասնենք Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ՀՀ-ում չկա ու չի կարող գտնվել որեւէ մեկը, ով ջանք չի գործադրում, որ ԼՂՀ-ն դառնա միջազգային հարաբերությունների լիիրավ, ճանաչված անդամ:
-Փաստացի այսօր կա բանակցային գործընթաց, որն Ադրբեջանն իր ապակառուցողական քայլերով առկախել է ու անցել ռազմական գործողությունների, հնարավո՞ր է այն վերականգնել:
-Դրա հետ կապված՝ մենք հանդես ենք եկել համապատասխան հայտարարություններով՝ վերահաստատելով մեր հավատարմությունը խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը՝ բայցեւ առաջարկությունների փաթեթ ներկայացնելով ու նշելով, թե այդ որ գործողությունները թույլ կտան վստահության վերագտմամբ շարունակել աշխատանքները բանակցությունների ուղղությամբ: Մեր ասածը մնում է ուժի մեջ: Աստված մի´ արասցե, եթե Ադրբեջանը որեւէ ճանապարհ չի թողնում կամ չի տեսնում դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման համար ու հանդես է գալիս ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման օգտին, ապա առաջ է գալիս մեկ հարց՝ ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը:
Սոսե Չանդոյան