«Չեմ կարծում, որ թե´ տիկին Փոստանջյանը, թե´ մեկ այլ պատգամավոր պատրաստ են իրենց ուսերին կրել հերթական ողբերգությունների, մահերի սարսափելի բեռը. Նաիրա Կարապետյան
ИнтервьюՏիկին Փոստանջյանն ունի ինձ համար անընդունելի ու անհասկանալի հայրենասիրություն, սակայն ուզում եմ հավատալ, որ նա հայրենասիրական մղումներից ելնելով է բերում ԼՂՀ անկախության ճանաչման նախագիծը ու, ցավոք, ինչպես միշտ, այս անգամ եւս չի լսում գործընկերների հորդորները, որ գոնե հետաձգի տվյալ հարցի քննարկումը: Այս մասին Orer.am-ի զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Խոսելով Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի ճանաչման մասին» օրինագիծի մասին, որը, ի դեպ, չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում, պատգամավորն ասաց. «Տիկին Փոստանջյանն այս նախագիծն արդեն չորրորդ անգամ է ներկայացնում ԱԺ քննարկման: Երբ երրորդ անգամ էինք քննարկում այն, որն ի դեպ տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ-ում, այնտեղ հրավիրված էին նաեւ Ղարաբաղի հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, որոնց կարծիքը կիսվում էր երկու մասի: Առաջին տեսակետն այն էր, որ ԼՂՀ ճանաչումը պետք է արվի պատեհ պահին՝ պատեհ ժամանակ եւ երկրորդ տեսակետն էլ այն էր, որ ԼՂՀ ճանաչման նախագիծը չի կարող լինել մեկ, երկու կամ երեք պատգամավորի մենաշնորհ, այն պետք է լինի ԱԺ բոլոր անդամների կողմից ու ունենա իր կշիռը, երբ քվեարկվի բոլորի կողմից ու միաձայն»,-ասաց Նաիրա Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում չկա գեթ մեկ հայ, որը չի ցանկանա օր առաջ ճանաչել ԼՂՀ անկախությունը:
«Ասեմ ավելին, շատ-շատերը կողմնակից են ՀՀ-ին ԼՂՀ-ի միացմանը: Նման հարցում խաղալ հայրենասիրություն ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ թվալ ու օր առաջ ԱԺ բերել մի նախագիծ, որը վտանգում է առանց այն էլ փխրուն զինադադարը, չգիտեմ, թե որքանով է ճիշտ: Մենք տեսնում ենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կրակոցները շարունակվում են ու սահմանին ունենում ենք զոհեր, ուստի այս պարագայում մեր ցանկացած քայլ ու որոշում պետք է առաջին հերթին ուղղված լինի ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովմանը ու հետո հիմնախնդրի լուծմանը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ տիկին Փոստանջյանի կողմից երեկ հնչեցին շատ ամպագոռգոռ ու բոցաշունչ հայտարարություններ այն մասին, որ մենք չպետք է հաշվի առնենք որեւէ միջազգային կազմակերպության, որեւէ գերտերության ու այլ պետության կարծիք, որ մենք պետք է տեր կանգնենք մեր պետությանն այնպես, ինչպես մեր զինվորները տեր կանգնեցին:
«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մեր երկրի տերը մենք ենք, որ սահմանների պաշտպաններն էլ մեր զինվորներն են, սակայն ԼՂՀ-ի հայանպաստ կարգավորման հարցն ունի երկու ճակատ՝ մեկը ռազմական, իսկ մյուսը՝ դիվանագիտական: Այն, ինչ տեղի է ունենում ռազմական ճակատում, պետք է վերջնական ամրագրվի դիվանագիտական ճամբարում, իսկ դիվանագիտական ճամբարում ՖԱԼՇ ՍՏԱՐՏ տալու իրավունք չունենք: Սա մի նախագիծ է, որը չունի հետդարձի ճանապարհ: Եթե մենք այդ հարցն ընդգրկում ենք օրակարգ, այդ դեպքում անկանխատեսելի հարեւանը կարող է շատ ու շատ քայլերի դիմել, որոնցից մենք ոչ թե վախենում ենք, այլ հիմա պահը չէ: Մենք շրջապատված ենք այլ պետություններով ու պատկերացնել Արցախն ու Հայաստանը միասին, բայց մեկուսացած, շատ սխալ է: Այո´, մենք պետք է հաշվի առնենք միջազգային կարծիքը, պետք է թելադրենք մեր պայմանները ու հնարավորինս պետք է նպաստենք մեր պայմանների ու նախապայմանների ընդունմանը, բայց կատեգորիկ ուլտիմատումներին դեմ եմ եղել: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայում կարող ենք անել ԼՂՀ-ի հարցի կարգավորման համար, այն է, որ կարողանանք պարտադրել Մինսկի խմբի համանախագահներին ավելի հետեւողական լինել խախտումների հետազոտության ու համապատասխան համակարգերի հարցում: Այդ ժամանակ շատ պարզ կլինի, թե ով խախտեց զինադադարը ու ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ու մենք կազատվենք Մինսկի խմբի ընդհանրական հայտարարություններից»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով նաեւ միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման պատրաստակամությանը, Նաիրա Կարապետյանը նշեց. «Եթե ՀՀ-ից կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, ԱՄՆ-ն եւ այլ պետություններ շարանով սկսեն ճանաչել այն, ապա մենք արտահերթ նիստ կհրավիրենք ու կանցնենք գործի, սակայն ներկայում այդ ազդակները չկան: Մենք չպետք է վտանգենք սահմանամերձ գյուղերում բնակվող քաղաքացիների ու սահմանին կանգնող զինվորների կյանքերը: Ես չեմ կարծում, որ թե´ տիկին Փոստանջյանը, թե´ մեկ այլ պատգամավոր պատրաստ են հիմա իրենց ուսերին կրելու հերթական ողբերգությունների, մահերի սարսափելի բեռը, որը հնարավոր է եւ հրահրվի: Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, ի՞նչ խղճով ենք մենք՝ 131 պատգամավորներս, նայելու մեր հայրենակիցների աչքերին»:
Սոսե Չանդոյան