Ադրբեջանում «խափանվել են» ԱՄՆ Պետդեպարտամենտի և տեղի ԱՄՆ դեսպանատան կայքերը
АналитикаԱրդեն երկու օր է, ինչ միջազգային հանրությունն իր գնահատականներն է հնչեցնում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, սակայն ադրբեջանական մամուլը երկարատև լռություն պահպանելուց հետո երեկ երեկոյան միայն սկսեց այդ մասին կցկտուր տեղեկություններ ներկայացնել իր հանրությանը:
Հայկական մամուլն արդեն իսկ արձանագրել էր, որ ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր հանդիպման մասին մանրամասներ իմանալու համար սկսել են զանգվածաբար օգտվել հայկական լրատվական կայքերից: Հավանաբար, դրանից հետո միայն ալիևյան քարոզչամեքենան սկսեց զգուշորեն ու անբովանդակ տեղեկություններ ներարկել իր լրատվական հարթակներ՝ իր երկրում սկսված տեղեկատվական վակուումը փոքր-ինչ մեղմելու և հասարակությանը նորից ստերով «կերակրելու» համար:
Ու քանի որ Վիեննայի հանդիպման մասին իրականությունը ներկայացնելը կարող էր «վնասակար» լինել պաշտոնական Բաքվի վերնախավի համար, ուստի, այսօր էլ սկսել են մեկ այլ հնարքի դիմել: Այսօր, երբ հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, «զարմանալիորեն և, չգիտես ինչու, խափանվել են» Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության և Պետդեպարտամենտի կայքերը:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ հասարակությանը տեղեկատվական վակուումի մեջ պահելու ադրբեջանական համառ ջանքերը շարունակվում են, ինչը ևս մեկ անգամ հաստատում է հայկական կողմի առավելությունների և ձեռքբերումների մասին:
Հիշեցնենք, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին դրական գնահատական էր հնչեցրել՝ այն որակելով ճիշտ ուղղությամբ արված քայլ:
«Հանդիպման ավարտին արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ հարցեր են քննարկվել, այն նաև ցույց է տալիս հանդիպման մասնակիցների կառուցողական մոտեցումները: Երկու երկրների նախագահները վերահաստատեցին հրադադարի պահպանման հանձնառությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ ներդնել վստահությունն ամրապնդող միջոցներ և հաջորդ ամիս սկսել բանակցությունները, որոնք կարող են տանել համապարփակ կարգավորման: Նրանք ի ցույց դրեցին այն, ինչ մենք քաղաքական կամք են անվանում՝ առաջ շարժվել ստատուս-քվոյից և ձեռնարկել քայլեր, որոնցից կարող են շահել տարածաշրջանում բոլորը: Հետևաբար, ինչպես Պետքարտուղարը հայտարարեց, մենք նրանց կողքին ենք, որ ուղղությամբ էլ նրանք քայլեր ձեռնարկեն: Հանդիպումը դրական էր և ճիշտ ուղղությամբ արված քայլ: Եվ հիմա բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն այն համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որոնց հասել են»,- նշել է Քիրբին:
Նշենք նաև, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում: Բացի այդ, կողմերը պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը և նշել, որ հետագա բռնությունների ռիսկը նվազագույնի հասցնելու համար նախագահները համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ամբողջացնել հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Ա.Գրիգորյան