Կառավարության անդամները ստիպված կլինեն «հեծանիվով» երթևեկել
АналитикаԿառավարության այսօրվա նիստի օրակարգում քննարկվելու է կառավարության, գերատեսչությունների և պետական մի շարք այլ ընկերություններին ծառայողական ավտոմեքենաներից օգտվելու իրավունքից զրկելու հարցը: Orer.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ խոսքն աննախադեպ քանակի հասնող ծառայողական մեքենաների մասին է: Փաստորեն, առաջիկա օրերին հասարակությանը հնարավորություն կունենա տրանսպորտով աշխատանքի շտապող բարձրաստիճան պաշտոնյաներին տեսնել իր կողքին՝ տրանսպորտի սպասելիս կամ գերբեռնված ավտոբուսներով և երթուղային տաքսիներով երթևեկելիս:
Անշուշտ, մեր իրականությունում դժվար է պատկերացնել, որ դեռ երեկ սպասարկող ծառայողական մեքենայի դուռն անգամ ինքնուրույն չբացող պաշտոնյան կառավարության որոշումից մեկ օր հետո իրեն թույլ տա հասարակության հետ նույն հարթակին կանգնած աշխատանքի հասնել, բայց, ամենայն հավանականությամբ, ժամանակն է նրանց հետ սովորեցնել նազիր-վեզիրներով ապրելու սովորույթից:
Ամենածանր հարվածը, սակայն, սպասում է այն պաշտոնյաների կանանց ու ընտանիքի անդամներին, ովքեր դեռ երեկ, նույնիսկ վարսավիրանոց գնալիս օգտվում էին պետական ծառայողական մեքենաների «ծառայություններից», իսկ դպրոց շտապող նրանց երեխաները կարող են նույնիսկ ընկել շոկի մեջ, քանի որ ստիպված են լինելու իրենց մյուս համադասարանցիների նման առանց հատուկ սպասարկման դպրոց հասնել:
Դե ինչ, ինչպես ասում են, երկիրը զարգանում է և այդ «զարգացումը» կարծես սկսվել է ծառայողական մեքենաների «կոմֆորտից» որոշ պաշտոնյաների զրկելով, իհարկե, դեռ այնքան չենք զարգացել, որ տեսնենք, թե ինչպես են նրանք հեծանիվներով աշխատանքի հասնում, բայց այն, որ պետական կերատաշտից օգտվելու հնարավորությունները մի լավ կրճատվելու են, փաստ է:
Դե ինչ, մնում է սպասել և տեսնել, թե կառավարության այդ «մահակն» առաջինն ում է «հարվածելու», որից էլ պարզ կդառնա, թե պետությունն ինչքան գումար կկարողանա տնտեսել չինովնիկների մանր հոգսերը հոգալու վրա ծախսվող գումարները կրճատելով, բայց որ այն բավական կլորիկ գումար կլինի, փաստ է:
Արմինե Գրիգորյան