Այն ջերմությունն ու սերը, որով պատրաստված են ցուցադրված տիկնիկները, կփոխանցվեն Արցախի երեխաներին. Մ Խաչմանուկյան
ОбществоԵրեկ՝ մայիսի 20-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հեղինակայի տիկնիկ» ցուցահանդեսը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ինչպես Orer.am-ի հետ զրույցում նշեց Երեւան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն ու հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը, ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 20-ը, որի ավարտից հետո հեղինակները մեկական տիկնիկ նվիրելու են Արցախի երեխաներին. «Այն ջերմությունն ու սերը, որով պատրաստված են այս տիկնիկները, կփոխանցվեն Արցախի երեխաներին: Ապրիլյան պատերազմի օրերը ցնցել են բոլորիս ու մենք հասկացել ենք, որ էլ ավելի պետք է գնահատել ու արժևորել այն, ինչ ունենք՝ մեր ընտանիքները, երկիրը, խաղաղությունը: Պետք է անել ամեն բան, որպեսզի չխաթարվի ոչ մի երեխայի մանկությունը»:
Կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է 30 տիկնիկագործ: Ըստ Մ. Խաչմանուկյանի՝ տվյալ ցուցադրությունը մյուսներից տարբերվում է նրանով, որ այս անգամ հավաքվել ու ցուցադրվել է շուրջ 200 հեղինակային տիկնիկ:


«Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տիկնիկը՝ որպես հայկական կիրառական դեկորատիվ արվեստի ինքնուրույն, կայացած ուղղություն: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ արդեն Հայաստանում եւս ունենանք հեղինակային տիկնիկների թանգարաններ, գոնե մեկ թանգարան: Իհարկե, մենք այսօր ունենք մեկ նմանատիպ թանգարան՝ թատերական տիկնիկների թանգարանը, որը գտնվում է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի սրահում, սակայն այնտեղ ցուցադրված են միայն թատերական տիկնիկներ»,- ասաց նա՝ մանրամասնելով, թե ինչ խիտ գույներ ու արվեստի ճյուղեր են պարունակում առաջին հայացքից պարզ, բայց, միեւնույն ժամանակ, յուրահատուկ տիկնիկները:


«Տիկնիկագործությունն իր մեջ ընդգրկում է ե՛ւ քանդակ, ե՛ւ գեղանկարչություն, ե՛ւ դիզայն: Ամեն մի տիկնիկ իրոք արվեստի գործ է: Տիկնիկը տարբեր ժամանակներում կատարել է տարբեր գործառույթներ՝ գեղագիտական, կրթադաստիարակչական, ծիսական, պաշտամունքային, նույնիսկ բուժիչ, մենք գիտենք, որ գոյություն ունի տիկնիկաթերապիա հասկացությունը»,- նշեց Մ. Խաչմանուկյանը՝ մեր ուշադրությունը հրավիրելով ցուցադրված պատկերներից մեկին, որում պատկերված է ընտանիք, որտեղ հայկական ավանդական ընտանիքներում տան գլուխ հանդիսացող տղամարդն իր մարմնով պաշտպանում է ընտանիքը՝ ապահովելով երեխաների գեղեցիկ ու գունեղ մանկությունը:

