Ու ծաղկեց գործը մուրացիկի
Общество«Փողոցով քայլող աղջիկն այս բառերը լսելուց նախ զարմացավ, ապա վախեցավ՝ բառերի հեղինակ՝ մոտ 10 տարեկան մի երեխա հարձակվեց աղջկա վրա, կապիկի աճպարանքով ցատկեց վեր, խլեց նրա ձեռքի տուփը եւ անհետացավ…
Սա ոչ դրվագ էր կրիմինալ ֆիլմից, ոչ էլ երեւակայությանս արդյունքը, սա իրականություն էր: Բարի գալուստ Թբիլիսի…
Քաղաքի գրեթե յուրաքանչյուր հատվածում կարելի է հանդիպել մուրացիկների: Այսօր Թիֆլիսն առանց նրանց պատկերացնելը բարդ է: Նրանք գումար եւ ուտելիք են խնդրում, պահանջում, իսկ առավել փոքրիկները՝ մեկ-մեկ էլ գողանում: Քույր-եղբայր, ծնող-երեխա կամ ուղղակի ընկերներով են նրանք շրջում քաղաքում….»
Դեռ 2012 թվականին իմ կողմից գրված տողեր էին, որ այսօր ոչ միայն չեն հնացել, այլ ավելի ակտուալ են դարձել: Հարևան Վրաստանի մայրաքաղաքը մեր օրերում առանց մուրացիկների պատկերացնելը բարդ է: Նրանք ամենուր են՝ կանգառներում, լուսացույցների տակ՝ որ պատեհ առիթին փողոց վազեն, սննդի կետերի դիմաց՝ որ կրկին պատեհ առիթի դեպքում մի կտոր ուտելիք խնդրեն կամ գողանան…
«IPM» ընկերության կողմից հրապարակված 2014 թվականի հետազոտյան համաձայն Վրաստանում աղքատության մակարդակը կազմում էր 66%: Թիվը վերջին տարվա ընթացքում նվազել է, սակայն՝ չնչին:
Այստեղ, այնուհանդերձ պետք է մեկ դիտարկում անել: Թբիլիսյան մուրացիկները հիմանակում ազգությամբ վրացիներ չեն: Գերակշիռ մաս են կազմում գնչուները, քրդերը կան նաև՝ հայեր:
«eJournal.am էլեկտրոնային ամսագրում» հրապարակված հոդվածը պատմում է, որ ընդհանուր առմամբ, մուրացիկներին կարելի է բաժանել 2 խմբի՝ շրջիկ եւ նստակյաց:
Շրջիկներ: Ունիկալ դեմքեր են: Անգիր գիտեն վրացական ազգային բոլոր տոները, զբոսաշրջային յուրաքանչյուր քաղաքի ծակն ու ծուկը, ու շա՜տ լավ գիտեն, թե տարվա որ օրը որտեղ պետք է կանգնեն:
Հատկապես մուրացիկներով լի է Մցխեթան, որտեղ գտնվում է վրացական քաղքեդոնական Սվետիցխովելի տաճարը: Պատմական քաղաքը Թբիլիսի մայրաքաղաքից 20կմ դեպի հյուսիս-արևմուտքում է: Որպես Քրիստոսի հայտնի պատանքի թաղման անկյուն, Սվետիցխովելին երկար ժամանակ եղել է հիմնական վրացական եկեղեցի և մինչև օրս մնացել է Վրաստանի փառաբանության վայրերից մեկը: Այս եկեղեցին հիմա գործում է ինչպես Մցխեթի և Թբիլիսիի արքեպիսկոպոսի նստավայր, ով միևնույն ժամանակ հանդիսանում է կաթողիկոսն ամբողջ Վրաստանի: Գործող տաճարը, որի հետ շատ լեգենդներ են կապված, կառուցել է վրաց ճարտարապետ Արսեկիսդզեն` 11-րդ դարում:
Քանի որ քաղաքները մոտ են, ապա այս առումով ևս հեշտ է տեղաշարժվելը՝ աշխատում է Թբիլիսի-Մցխեթա երթուղին, որի արժեքն է 2 լարի՝ մոտ 420 դրամ: Իսկ այդ 420 դրամը վաստակելն այնքան էլ բարդ չէ…
Նկարահանումներից մեկի ժամանակ ծանոթացել էի հիմնականում Թբիլիսիի կենտրոնում պտտվող Գոհարին՝ գյումրեցի կնոջը, ով, իր խոսքով, 2010 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էին հարևան երկիր, որովհետև տեղի բարեկամների ասելով՝ կյանքը հեշտ էր: Հեշտ կյանքը սակայն բազմազավակ մորը փողոց էր տարել՝ փող մուրալու: Եվ այդ գործն անում էին բոլորով՝ 2 անչափահաս տղան և նորածին դստրիկը, իսկ ամուսինն անկողնային հիվանդ էր…
2015 թվականի մայիսի 26-ն էր՝ Վրաստանի անկախության օրը, երբ հերթական անգամ այցի գնացի Մցխեթա: Մի կերպ հաղթահարեցի մուրացիկների շարքն ու ուզում էի ոտքն դնել տաճար, երբ թևիցս քաշեցին: Գոհարն էր: «Խոպան էր» եկել:
Ոգևորված պատմում էր, որ այստեղ կանգնելու տեղ ունենալու համար պետք է մի քանի օր առաջ գալ ու բանակցել, վճարել, բայց դե դժվարությունները «փողը ծածկում են»…
Այս դեպքում, ինձ ոչ այնքան բանակցելն էր հետաքրքրում, որքան վճարելը: Ու՞մ վճարել: Ինչու՞ վճարել փողոցում կանգնելու համար: Եվ հենց այդ օրը պետք է ծանոթանայի վրացական մուրացիկների մաֆիայի հետ: Այսինքն ծանոթանայի զուտ երևույթին, քանզի նրանց գտնելը խիստ բարդ և վտանգավոր էր: Գոհարը այդպես վստահեցրեց։
Նրան վերջին անգամ կես տարի առաջ եմ տեսել՝ գործերը լավ էին, բավականին գումար էր տնտեսել ու Երևան էին գալիս։ Այդ օրը ընկերս վերջին խորհուրդը տվեց՝ հեռու մնալ այդ մաֆիայից…
Մուրացիկների մաֆիա՝ երևույթ, որ մտել էր ուղեղս, որ որդի նման կրծում էր այն, որ զգացմունքներիս լարերի վրա էր գծեր քաշում ու ստիպում բացառապես մտածել իր մասին: Հիմքեր ունեի: Եթե երբևէ եղել եք Թբիլիսիում, նկատած կլինեք, որ տասնյակ մուրացիկ կանանց ձեռքերին մանկահասակ երեխաներ կան, մանկահասակներ կան նաև մենակ՝ սայլակով կամ էլ պարզապես փողոցին դրված թղթի վրա քնած: ՔՆԱԾ: Նրանք բոլորը քնած են: Միշտ քնած են: Ժամերով քնած են: Փորձի համար մոտ երկու ժամ նստել եմ երեխաներից մեկին քիչ մոտ, ձև եմ արել, որ կարդում եմ, որ խորացած աշխատում եմ, այդ ընթացքում փոքրիկը ոչ մի շարժ չի արել, ոչ մի անգամ աչքը չի բացել…
Գոհարն էր պատմում, որ երեխաներին թունդ ալկոհոլ են խմեցնում, իսկ թե ինչ էր կատարվում հետո՝ կարդացեք eJournal.am էլեկտրոնային հանդեսում: