Մելանոմայի վաղ հայտնաբերման դեպքում այն բուժվում է 100 տոկոսով
ОбществоԱյսօր Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, Հայաստանի Մաշկավեներաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը և Հայկական երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հունիսի 9-11-ը «Մելանոմայի վաղ ախտորոշման և կանխարգելման օրեր Հայաստանում» միջոցառման հիմնական նպատակի մասին, նշեցին, որ այն բավական վտանգավոր հիվանդություն է, որի մասին հայ հասարակությունում քչերն են իրազեկված:
Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում նման խոշորամասշտաբ միջոցառում, որի նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել հիվանդության մասին տեղեկացվածության մակարդակը, ինչը կնպաստի դրա վաղ հայտնաբերմանը, ճշգրիտ ախտորոշմանը և արդյունավետ բուժման իրականացմանը:

Գ. Բադալյանը, խոսելով չարորակ այդ ուռուցքի՝ մելանոմայի մասին, նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի 44 երկիր արդեն միացել է մելանոմայի դեմ պայքարի միջազգային ծրագրին, այդ թվում՝ ԱՄՆ-ը, եվրոպական մի շարք երկրներ, Ռուսաստանը և այլն:
«Մելանոման մաշկի չարորակ ուռուցքների տեսակներից է, իր ագրեսիվությամբ շատ վտանգավոր է, բայց եթե հայտնաբերվում է ժամանակին, ապա դրա կանխարգելումն ու բուժման արդյունքները շատ բարձր արդյունավետություն են ունենում»,- ասաց Գ. Բադալյանը:
Մասնագետի խոսքով՝ ողջ աշխարհում մելանոմայով հիվանդների թիվը վերջին 10 տարում գրեթե կրկնապատկվել է: Հայաստանում պատկերը մի փոքր այլ է, և վերջին 5 տարվա տվյալների համաձայն՝ մեր երկրում մելանոմայի 40-60 դեպք է արձանագրվել:
Մաշկավեներաբան Կ. Բաբայանը, խոսելով այս հիվանդության մասին, նշեց, որ հիվանդության ախտորոշման համար հարկավոր է բազմապրոֆիլ հետազոտություններ իրականացնել, սակայն դրա վաղ շրջանում հայտնաբերման համար կարևոր է ոչ միայն հասարակության, այլև բժիշկների իրազեկվածության աստիճանն այդ հիվանդության մասին. «Անկախ մասնագիտացումից՝ բժիշկները հիվանդներին զննելիս առաջինը նրա մաշկն են տեսնում, սակայն բաց են թողնում մաշկի զննումը, որը շատ կարևոր է: Պրակտիկորեն բոլոր խալերը կարող են դառնալ մելանոմայի զարգացման պատճառ, և դժվար է կանխատեսել, թե մաշկի վրա առկա որ խալից այն կսկսվի, ուստի արևի ճառագայթների տակ երկար ժամանակ մնալու և մաշկն արևից չպաշտպանելու հետևանքով խալերը կարող են վերածվել մելանոմայի»,- ասում է մաշկավեներաբանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում առկա վիճակագրական թվերն ստացվել են մելանոմա հիվանդության բարդացված դեպքերի բուժման արդյունքում, սակայն իրական պատկերը կարող է այլ լինել և հասնել մոտ 2-3 հազարի: Մասնագետի խոսքով՝ հիվանդության կանխարգելման վրա ծախսված գումարը տասն անգամ ավելի քիչ է, քան ծախսվում է դրա բուժման վրա, ուստի կարևոր է ոչ միայն ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ, այլև հետևողական լինել:
Ի դեպ, Կ. Բաբաջանյանը նշեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մելանոմայի տարածվածության դեպքերն առավել հանդիպում են սպիտակամորթների մոտ: Սևամորթների դեպքում այդ թիվը հասնում է նվազագույնի, իսկ նրանց մոտ հիվանդության դեպքերի արձանագրման դեպքում դրանք առաջանում են միայն ձեռքի ափերի շրջանում, որտեղ մաշկն ավելի բաց գույն ունի:
«Կարևոր է ուշադրություն դարձնել խալերի եզրերին: Դրանք պետք է պարզ ուրվագծված լինեն և չնչին խախտումների դեպքում այն կարող է հուշել խնդիրների մասին, սակայն, ցավոք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան: Երբ խալերն սկսում են բորբոքվել, մարդիկ այդ ժամանակ են դիմում բժշկի, որը համարվում է ուշացած: Բացի այդ, շատ դեպքերում ոչ ճիշտ մասնագետի դիմելու հետևանքով ունենում ենք բարդացած դեպքեր, որը բուժելը կարող է նույնիսկ անհնարին դառնալ»,- ասում է Կ. Բաբաջանյանը:
Մասնագետի խոսքով՝ մելանոման ամենաչարորակ ու արագ զարգացող ուռուցքն է, որի բուժումը հետաձգելը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, իսկ ժամանակին հայտնաբերվելու դեպքում այն 100 տոկոսով բուժվում է:
Ա.Գրիգորյան