Էժան տաքսին կկոտրի կարծրատիպերը
АналитикаOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ հուլիսի 1-ից Հայաստանում կգործի «Յանդեքս տաքսի» ծառայությունը, որը պատրաստվում է ուղևորներին ավելի էժան սպասարկում մատուցել:
Այս մասին հունիսի 18-ին Երևանում մեկնարկած «Բարքեմփ-2016»-ի ժամանակ հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Դանիլ Շուլեյկոն: Լուրը, սակայն, միանշանակ չի ընդունվել ո՛չ տաքսիստների, ո՛չ տաքսի ծառայություն մատուցողների և ո՛չ էլ նրանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Մի մասը էժան սպասարկում խոստացող ընկերության աշխատանքը բոյկոտելու, մյուսները բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին են մտմտում, բայց փաստը մնում է փաստ, որ ընդամենը մի քանի օրից նորահայտ տաքսի ծառայությունը կսկսի ծառայությունները մատուցել ֆանտաստիկ էժան գնով: Առաջին 2 կմ-ի արժեքը կկազմի 100 դրամ, որից հետո յուրաքանչյուր կիլոմետրի համար էլ 100 դրամ վճարելով սպառողները կարող են հասնել իրենց նախընտրած վայրը: Ամենաթեթև հաշվարկները ցույց են տալիս, որ ներկայիս տաքսի ծառայությունների կողմից գանձվող 600-700 դրամի փոխարեն սպառողը կվճարի ընդամենը 300-400 դրամ:
Սա, անշուշտ, զայրացրել է անհատ տաքսու վարորդներին և տաքսի ծառայությունների սեփականատերերին, բայց սպառողները կարծես բավական գոհ են այս նորությունից: Եվ իսկապես, ո՞ր սպառողը չի նախընտրի օգտվել գրեթե կես գնով մատուցվող ծառայությունից և արդյո՞ք նման նորույթը չի ստիպի մեր վարորդներին վերանայել իրենց հին ու հոգնեցրած մեթոդները և վերջապես ճկունություն ցուցաբերել նոր՝ ավելի շահեկան պայմաններ առաջարկելու համար:
Չէ՞ որ սպառողն էլ է հոգնել ամեն անգամ իրեն խաբված զգալուց, աչքը այս կամ այն թերության վրա փակելուց, իսկ նման մրցակից ունենալու դեպքում մեր ընկերություններն ու անհատ վարորդները ստիպված կլինեն կա´մ տեղավորվել աշխատանքի այդ ընկերությունում, կա´մ ընդհանրապես դուրս գալ դաշտից: Իսկ վարորդների այն փաստարկները, թե այս քայլը դաշտը մոնոպոլացնելու փորձ է, ինչից հետո նրանք նույնպես կթանկացնեն իրենց ծառայությունների արժեքը, հիշեցնենք, որ թանկ ծառայություններ մատուցելու դեպքում նրանք նույնպես կկանգնեն ուղևոր չունենալու նույն վտանգի առջև, որի առջև կանգնած են խաչմերուկներում ժամերով կանգնած «տաքսիստները»:
Արմինե Գրիգորյան