ԵՊՏՀ-ում ՄՈԳ-ի շեմը չհաղթահարող ուսանողները զրկվում են զեղչի իրավունքից
ИнтервьюԵՊՏՀ-ի ուսանողներից մեկի ծնողը Orer.am-ին էր ահազանգել և տեղեկացրել, որ տարեվերջյան քննություններից մի քանի օր առաջ երկրորդ կուրսի բոլոր ուսանողներին ասել են, որ ուսման վարձավճարների զեղչերից օգտվողները զրկվել են այդ իրավունքից և քննություններին մասնակցելու համար պետք է վճարեն նաև մնացած գումարը:
Լուրի իսկությունը պարզելու համար Orer.am-ը զրուցեց Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ հնարավոր չէ, որ նման բան տեղի ունենած լինի, քանի որ ուսման վարձավճարի զեղչի իրավունքից օգտվողների ցանկը կազմվում է բոլոր մանրամասները հաշվի առնելով, որպեսզի վրիպումներ չլինեն: Նա նաև նշեց, որ ռեկտորի կողմից հաստատված այդ հրամանը հետադարձ ուժ չունի և ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ զեղչի իրավունքից օգտվողների ցուցակից որևէ մեկին հանել, կամ ավելացնել:
Մ. Հարությունյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ այս կիսամյակում բուհի ղեկավարությանը դիմում է ներկայացրել 1400 ուսանող, որոնցից 960-ն օգտվել է զեղչի իրավունքից, իսկ մոտ 440-ը մերժվել է տարբեր պատճառներով՝ ՄՈԳ-ի ցածր արդյունք, փաստաթղթերի փաթեթի թերի ներկայացում և այլն:
«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ չի կարող պատահել, որ զեղչի իրավունք ստացած ուսանողից պահանջեն մնացած գումարը նույնպես վճարել: Չի կարող նման բան լինել: Մենք մեր միջոցների հաշվին հնարավորություն ենք տալիս ուսանողներին օգտվել զեղչի իրավունքից, ինչո՞ւ պետք է հետո նրանց զրկենք այդ իրավունքից: Ամենակարևորն այստեղ ուսանողի բարձր առաջադիմությունն է և եթե ուսանողը անբավարար առաջադիմություն ունի կամ ՄՈԳ-ի շեմը չի հաղթահարում, նրա ուսման վարձը չի զեղչվում: Կապ չունի, թե նա սահմանամերձ բնակավայրի՞ց է, երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքի՞ց, թե՞ երկու ուսանող ունեցող ընտանիքից»,- ասաց Մ. Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ՄՈԳ-ի շեմին, ԵՊՏՀ-ի պրոռեկտորի տեղեկացմամբ այն 76 և ավելի պետք է լինի և նույնիսկ 75,5 միավոր հավաքելու դեպքում համարվում է, որ ուսանողը չի հաղթահարել ՄՈԳ-ի շեմը: Ի դեպ, Տնտեսագիտական համալսարանում առաջիկայում քննարկվելու է նաև սահմանամերձ բնակավայրերի ուսանողներին ոչ պակաս, քան 30 տոկոսով ուսման վարձը նվազեցնելու հարցը: Դրանով փորձ է արվում ընդլայնել կառավարության կողմից հաստատված զեղչի իրավունքից օգտվելու իրավունք ունեցողների ցանկը:
Առաջին հայացքից ներկայացված մոտեցումը նորմալ է, քանի որ հիմնական շեշտը դրվում է ուսման առաջադիմության վրա և ուսման վարձի զեղչից օգտվելու իրավունքն այս պարագայում դիտվում է որպես բարձր առաջադիմության խրախուսում: Այնպես որ, սիրելի´ ուսանողներ, հիշե´ք, որ եթե ուզում եք օգտվել այդ հնարավորությունից, ապա պետք է լավ սովորել, ոչ թե զբաղվել բուհի ճանապարհին կոշիկ մաշելով: Հաշվի առեք, որ մրցունակ մասնագետ դառնալու համար դիպլոմը բավարար չէ, հարկավոր է նաև լիարժեք գիտելիքներ ունենալ տվյալ բնագավառի մասին:
Ա. Գրիգորյան