Շուշան Պետրոսյանը, Լեռնիկ Ալեքսանյանը և այլ ՀՀԿ-ական պատգամավորներ Նժդեհի ազգանունը չեն հիշում
ОбществоՎիքիպեդիա ազատ հանրագիտարանի Հայաստանի հանրապետական կուսակցության բաժնում գրված է. «Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 1990թ.։ Կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է»։ Կուսակցությունն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։
Ներկայում ՀՀԿ-ն իշխանական, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։ ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության մեջ ընդգրկված է 70 պատգամավոր։ Սեփական տվյալներով՝ այն ունի շուրջ 140.000 անդամ։ Կուսակցության անդամ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ազգային միացյալ կուսակցությունը հիմնադրվել է 1966թ. ապրիլի 24-ին։ ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը և Շահեն Հարությունյանը։
1968թ. կուսակցության հիմնադիրների ձերբակալումից և բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է Ազգային Միացյալ Կուսակցության ղեկավար։ ԱՄԿ-ի հիմնական նպատակներն էին Խորհրդային Հայաստանի անկախությունը Խորհրդային Միությունից և 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը։ 1973թ. ԱՄԿ-ի վերընտրված նախագահ Պարույր Հայրիկյանը հիմնել է անկախություն հանրաքվեի ճանապարհով ռազմավարությունը:
Ինչպես տեսաք, որևէ տեղ հիշատակված չէ, թե ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում իրականում ինչ աժեքներ են դրված: Դրա մասին, սակայն, մի քանի տողով ներկայացված է կուսակցության կայքէջում. «ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում և ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները»:
Փաստացի, այսքանով սկսվում և ավարտվում է Գարեգին Նժդեհի ու նրա ուսմունքի մասին տեղեկությունը: Այսինքն, իշխող կուսակցության գաղափարախոսության մասին տեղեկությունն այնքան կցկտուր է, որ իրականում չի էլ հասկացվում, թե ինչի մասին է խոսքը: Այս ամենից հետո հետաքրքրիր էր պարզելը, թե հայրենիքի ղեկավարման ղեկը ստանձնած կուսակցության անդամ-պատգամավորները գիտե՞ն արդյոք, թե ինչ է Գարեգին Նժդեհի ազգանունը:
Շուշան Պետրոսյանը, Orer.am-ի հարցին ի պատասխան, անկեղծացավ, որ այս պահին Նժդեհի ազգանունը չի հիշում.
«Այս պահին Արցախում եմ, և միտքս շատ զբաղված է, բայց պետք չէ դրանով դատել Նժդեհի մասին իմ գիտելիքների չափը»,- ասաց տիկին Պետրոսյանը:
ԱԺ Հանրապետական պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Սուքիաս Ավետիսյանը և Համլետ Հարությունյանը ճիշտ պատասխանեցին հարցին, իսկ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե այս պահին չի հիշում:
Ամենաուշագրավը, սակայն, Մնացական Մնացականյանի պատասխանն էր. «Ես ի՞նչ իմանամ»,- հարցը լսելուց հետո անմիջապես նետեց պատգամավորը, սակայն հետո սկսեց դուրս գալ ստեղծված իրավիճակից. «Որտեղ, որ բացես, կարաս կարդաս Նժդեհի ազգանունը: Բա դու կարա՞ս ասես՝ ինչ ա: Եթե չես իմանում, կարամ ասեմ քեզ»,- ասաց պատգամավորը:
Ա.Գրիգորյան