Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլիներ տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ
ОбществоՆերկայում Արարատի մարզի 12 համայնք Ազատ գետից ոռոգման ջուրը ստանում է պոմպակայանի միջոցով՝ Ազատի ջրամբարից, որը լցվում է Ազատ գետից: Համաշխարհային բանկի ներդրումներով կառուցվող Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագծով նախատեսվում է այդ 12 համայնքներին հասանելիք ոռոգման ջուրը հասցնել խողովակաշարով՝ ինքնահոսի միջոցով: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը:
«Արդյունքում՝ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմամբ ինքնահոս ջրով կապահովվեն Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, Գետազատ, Դեղձուտ, Այգեստան, Նորաշեն, Բերդիկ, Ն. Դվին, Վ. Դվին, Հնաբերդ, Վարդաշեն, Մրգանուշ գյուղերը, հնարավոր կլինի ոռոգվող հողերի ներուժը 854-հա-ից հասցնել 1200 հա-ի»,- ասաց նա՝ հավելելով, որ Գառնի գյուղի բնակիչները դեմ էին այդ ծրագրին. «Նրանք փակեցին Գառնի-Երեւան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգը: Արդյունքում՝ ծրագիրը դադարեցվեց եւ մշակվեց փոխզիջումային տարբերակ»:
Անցում կատարելով փոխզիջումային տարբերակին՝ Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայում գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք:
«Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի վնասումից, թեեւ դրանով մոտավորապես 30%-ով կկրճատվի հնարավոր խնայողությունների չափը: Այսպիսով, կբացառենք որեւէ շինարարական աշխատանք կիրճի տվյալ տեղամասում, հողօգտագործողներին եւս որեւէ հնարավոր վտանգ չի սպառնա, թեեւ նախկինում էլ չէր սպառնում»,- ասաց Մ. Նալբանդյանը:
Նալբանդյանը նշեց նաեւ, որ գլխամասը գետի առավել ներքեւի հատվածում տեղադրելու դեպքում խողովակի մեջ բավարար ճնշում չի լինի, որպեսզի ջուրը հասնի Արարատի մարզ, սակայն փոխզիջման արդյունքում կտեղադրվի փոքր ծավալի պոմպ, որը թույլ կտա լրացնել ճնշումների տարբերությունը:
«Մինչեւ գառնեցիների բողոքը նախատեսվում էր ջուրը մատակարարել ինքնահոս եղանակով, սակայն հիմա ստիպված ենք կորցնել հիդրավլիկական որոշակի ճնշում, դրա փոխարեն կդնենք լրացուցիչ պոմպ: Իսկ նախկին նախագծով նախատեսվում էր Ազատի ջրամբարից մոտ 9 կմ վերեւ՝ Ազատ գետի վրա, կառուցել ջրընդունիչ կառույց եւ մոտեցնող խողովակաշար, որով ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը կուղղվեր Քաղցրաշենի պոմպակայանի ջրթող ավազան` գործող մեխանիկականի փոխարեն ինքնահոս ոռոգման ջուր հասցնելով հողագործներին: Քանի որ ինքնահոս ոռոգման տնտեսական արդյունավետությունը, ի տարբերություն ջրամբարից մեխանիկական եղանակով մղվող ջրի, անհամեմատ բարձր է, ապա ըստ հաշվարկների՝ Քաղցրաշենի համակարգի շահագործման արդյունքում տարեկան հնարավոր կլիներ տնտեսել շուրջ 436.5 մլն դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար եւ շուրջ 24 մլն դրամ պոմպակայանի շահագործման ծախս»,- նշեց նա: