Հուլիսի 5-ն այսօր ընկալվում է ավելի շատ որպես օրացուցային օր, քան տոն. Թեւան Պողոսյան
ИнтервьюՀուլիսի 5-ն այսօր ընկալվում է ավելի շատ որպես օրացուցային օր, քան տոն: Դա երեւի պայմանավորված է նրանով, որ մենք գրեթե ամեն օր տեսնում ենք ավելի շատ Սահմանադրության խախտումներ, տեսնում ենք նաեւ իշխանության սխալ կիրառում: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա մշտապես ունենալու ենք այն, ինչ ունենք այսօր, Orer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Ինչպես նշեց պատգամավորը, որքան իշխանությունները չկարողանան ձեւավորել իրավական երկիր, այնքան վերաբերմունքը դեպի Սահմանադրություն, լինելու է անտարբեր եւ հուլիսի 5-ը չի ընկալվելու որպես տոն:
«Մենք պետք է լավ հասկանանք, որ որեւէ մեկը մեր փոխարեն գործեր չի անելու, մենք ինքներս պետք է կառուցենք մեր երկիրը: Եթե ամեն մեկն իր տեղում առաջնորդվի օրենքով, այլ ոչ թե այլ շահերով, այնքան ավելի ճիշտ երկիր կդառնա Հայաստանը հենց մեր կյանքի օրոք»,- ասաց պարոն Պողոսյանը:
Հետադարձ հայացք նետելով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներին՝ պատգամավորն անկեղծանալով ասաց. «Ցավում եմ, որ դեկտեմբերի 6-ը չդարձավ այն հնարավորությունը, որտեղ իսկապես կար Սահմանադրական բարեփոխումների, երկրի մոդելի կառավարման արժևորում: Ցավում եմ նաեւ, որ մենք շատ դանդաղ ենք արդիականացվում կամ ժողովրդավարացվում: Հուսամ, որ ապագա սերնդի համար ավելի բարձր կգնահատվի ՀՀ Սահմանադրությունը: Այսպես եմ կարծում՝ հաշվի առնելով այն, որ փուլ առ փուլ պայքարելու են, որ Սահմանադրության նշված կետերի իրավակարգավորումները դառնան մեր առօրյա կյանքի իրական երեւույթներ, ոչ թե միայն թղթի վրա գրված ու չկիրառված իրավունքներ ու պարտականություններ»:
Սոսե Չանդոյան