Հայաստանից գնալը վեց ամսից մեկ տարի է տևում. Արտյոմ Հակոբյանը դեռ կաշխատի, մինչև պատրաստ լինեն թղթերը
LifestyleAysor.am-ը գրում է.
Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արտյոմ Հակոբյանը, ով օրեր առաջ բարձրաձայնել էր իր՝ Հայաստանը լքելու ցանկության և պատրաստակամության մասին, հուլիսի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնում:Aysor.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս օրերի ընթացքում նման շրջադարձ տեղի ունեցավ՝ Հայաստանի իշխանություններից դժգոհող մարդը հայտնվեց նրանց շարքերում:
«Առաջարկը ստացել եմ նախարարից: Սա ուղղակի այդ կառույցի հետ երկար տարիների իմ համագործակցության շարունակությունն է՝ արդեն ամրապնդված, խորհրդականի կարգավիճակով: Չէ՞ որ ես տևական ժամանակ աշխատել և համագործակցել եմ սպորտի նախարարության և օլիմպիական կոմիտեի հետ, քաղաքում բազմաթիվ միջոցառումներ եմ կազմակերպել՝ հոկեյի լեգենդների հանդիպումը Մարզահամերգային համալիրում և այլն: Սա մեկ օրում կայացրած որոշում չէր, վաղուց էր քննարկվում այս հարցը, պարզապես նշանակումը նոր եղավ: Այսօրվա նախարարը, ժամանակին լինելով Օլիմպիական կոմիտեի քարտուղար և փոխքարտուղար, բազում միջոցառումներ է ինձ վստահել», - նշեց նորանշանակ խորհրդականը:
.jpg)
Զարմանալի և տրամաբանությունից հեռու է հայաստանյան իրականությունից հիասթափված ու հայրենիքից հեռանալ պատրաստվող մարդու նմանօրինակ որոշումը: Այս թեմայով բոլորին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ զուգադիպությո՞ւն էր գրառումն ու օրեր անց՝ պաշտոնի նշանակումը:
«Հասկանում եմ, թե Ձեր հարցը որտեղից է գալիս. հավատացեք, այնպես չի, որ այս գրառումն արեցի ու առաջարկ ստացա: Ո՛չ, ես 6 տարի այս բնագավառում եմ աշխատել: Օրեր առաջ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ Հայաստանից գնալը մեկ-երկու օրվա հարց չի, 6 ամսից 1 տարի է տևում գործընթացը: Ու քանի որ ես գտնվում եմ Հայաստանում ու դեռ պատրաստ չեմ մեկնելուն, բնականաբար, պետք է նաև աշխատեմ: Առաջարկում եք չաշխատեմ ու սպասեմ թղթերի՞ս: Ոչ, բնականաբար, շարունակելու եմ փորձել ինչ որ լումա ներդնել այն հարցերում, որոնցում դժգոհություն եմ հայտնել: Իսկ ես դժգոհել եմ այսօրվա ոչ բարենպաստ վիճակի մասին, ու շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Չարախոսողներին էլ որպես ապացույց ասեմ՝ այո, ես միշտ էլ աշխատանք ունեցել եմ ու այնպես չի, որ աշխատանք ունեմ՝ մնում եմ, չունեմ՝ գնում եմ: Ես երբեք աշխատանքի խնդիր չեմ ունեցել, միշտ էլ աշխատել եմ, գրառումների հարցում էլ ակտիվ եմ եղել: Դա էլ իմ առաջին դժգոհող գրառումը չէր, ուղղակի մինչ այսօր ուշադիր չէիք եղել: Ի վերջո, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ կարծիք հայտնելու իրավունք: Կրկնում եմ, իմ գրառումը իմ նշանակման հետ ոչ-մի կապ չունի», - ընդգծեց նա:
Հրամանի մեջ նշված է, որ նախարարի խորհրդականն իր պարտականությունները կկատարի հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության:
«Հավանաբար, պետբյուջեում այսօր դեռ չկա համապատասխան պաշտոնի վճարման համաձայնություն: Բայց հաստատ չգիտեմ պատճառը: Միևնույն է, սա այն կառույցն է, որին ես միշտ օգնել եմ ու պատրաստ եմ օգնել՝ անկախ նրանից՝ կվճարվեմ, թե ոչ: Հավատացեք, ինձ համար այս պահին կարևորը վարձատրությունը չի, այլ՝ աշխատանքիս որակը», - ասաց խորհրդականը:
.jpg)
Հարցին, թե արդյոք այս նշանակմամբ ի չիք դարձավ նրա՝ Հայաստանից մեկնելը, թե՞ որոշումը շարունակում է մնալ արդիական՝մեր զրուցակիցը պատասխանեց. «Նորից կկրկնեմ՝ Հայաստանից մեկնելը մեկ օրվա հարց չի, դրան պետք է լրջորեն պատրաստվել»:
«Եթե մինչ այդ օրը որևէ դրական տեղաշարժ նկատեմ ընդհանուր վիճակի մեջ՝միգուցե որոշումս փոխեմ: Իսկ այս պահին ոչինչ չի փոխվել, այս 3 օրվա մեջ, բնականաբար, դրական ոչ մի տեղաշարժ էլ չի եղել: Հայաստանւմ կապրեմ ու կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև գա այն օրը, երբ գուցե հեռանամ: Հնարավոր է՝ առանց բարձրաձայնելու: Ամեն դեպքում, այս պահին հեռանալս շատ մոտ չի, այդ գործընթացը գրեթե մեկ տարի է տևում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արտյոմ Հակոբյանը: