Հարկային մուտքերի տխուր վիճակագրությունը
АналитикаOrer.am-ի տեղեկություններով՝ հունիս ամսին ՊԵԿ-ը տնտեսվարողներից այնքան քիչ գումար է կարողացել հավաքագրել, որ որոշել է այդ թիվը պաշտոնապես չհրապարակել իր կայքէջում: Եվ դա հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր քայլափոխի կարելի է փակվող խանութներ ու սնանկացման եզրին հասած ձեռնարկություններ տեսնել: Կարելի է ասել, որ թեև վաղուց էր պայթել այն փուչիկը, որն ապրիլից փչել ու շրջանառության մեջ էր դրել ՊԵԿ ղեկավարությունը, բայց հիմա արդեն ո´չ նոր թվեր փչելու, ո´չ էլ եռանիշ հարկային մուտքեր հավաքագրելու և հանրությանը ներկայացնելու հնարավորություն ունի, առավել ևս, որ անցյալ տարվա տվյալներով՝ արդեն փակվել է 10 հազարից ավելի ձեռնարկություն և տարեցտարի այդ թիվը նվազելու փոխարեն սրնթաց աճում է:
Փաստորեն, մոլիբդենից ու գյուղմթերքից ստացված եկամուտները նույնպես չկարողացան փրկել բյուջեի մուտքերը ցանկալիի շրջանակում նկարելու ու հրապարակելու համար, այսինքն՝ պատկերն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել:
Ասվածից կարելի է հանգել մեկ եզրակացության, որ չնայած որոշ պաշտոնյաներ շարունակում են նույն տեմպերով հարստանալ, բայց դրանից բյուջեն ոչ միայն չի շահում, այլև հստակ քայլերով անկում է ապրում: Փաստորեն, եթե օրացուցային տարվա կեսից իրավիճակն այսքան սրվել է, ապա դժվար չէ պատկերացնել, թե տարեվերջին ինչ պատկեր կլինի:
Ու չնայած ՊԵԿ ղեկավարը, լրագրողների հարցին ի պատասխան, երեկ ի լուր աշխարհի հայտարարեց, որ բոլորը գիտեն, թե իր միլիոնները որտեղից են գալիս, բայց զարմանալի է, որ այս կառույցի ղեկավարման ղեկին հայտնվող ցանկացած անձի դեպքում եկամուտները երբեք չեն նվազում:
Ա. Գրիգորյան