Հասմիկ Պողոսյանը բարձր է գնահատում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գործունեությունը
Культура«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը բազմաբովանդակ միջոցառում է. նման կարծիք է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաջին հերթին նա կարևորել է այն, որ այս փառատոնի շնորհիվ աշխարհի կինոն գալիս է Հայաստան և հնարավորություն տալիս տեսնել լավագույն նոր ֆիլմերը:
Հասմիկ Պողոսյանի համոզմամբ` «Ոսկե ծիրան»-ը թույլ է տալիս իրագործել համատեղ ստեղծագործական նախագծեր, որոնք ծնվում են հենց փառատոնի ներսում: Բացի այդ` դրա շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերը կարողանում են ավելի ճանաչել մեր երկիրը:
«Ի վերջո, այն մարդկային շփումներ, նոր ծանոթություններ հաստատելու հնարավորություն է ընձեռնում, ինչը կարևոր է ցանկացած մասնագիտական դաշտում»,- ավելացրեց Պողոսյանը:
Նախարարն այն կարծիքին է, որ ներկայումս մշակույթի ամենապահանջված ոլորտը Հայաստանում երաժշտությունն է, մանավանդ` դասականը: Այնուամենայնիվ, կինոյի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, և դրա ապացույցն են կառուցվող նոր կինոթատրոնները: