«ԴիջիԹեքը տասը տարիների ընթացքում կայացել է, և մեծ դեր է խաղում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար, որովհետև այստեղ ընկերությունները ոչ միայն ներկայացնում են իրենց, այլև ծանոթանում են այլ ընկերությունների հետ: Իսկ դա կարևոր բաղադրիչ է բիզնեսում»,-այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն, ԴիջիԹեք էքսպոյի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Նա նշեց, որ ցանկացած ցուցահանդես, առավել ևս տեխնոլոգիական ցուցահանդեսներն առանձնանում են իրենց նորարարություններով, որովհետև առաջին հայացքից նույնը թվացող տաղավարում իրականում 90 տոկոսով նորություններ են ներկայացված. «Ցանկացած ընկերություն, ով գալիս է այս ցուցահանդեսին մասնակցելու, գիտի, որ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչ նորություններ է այն ներկայացնում: Այս տարի կան որոշակի առաջնահերթություններ, օրինակ ռոբոֆեստի ուղղությունը, որը նորություն է, երկրորդ` շատ ավելի ակտիվ է խաղային տեխնոլոգիաների ուղղությունը և այլն»: