Երկու ամիս է` Դողսում կոտրած տանիքներով և ապակիներով են ապրում
ИнтервьюՀունիսի 10-ին տեղացած կարկուտը հարյուր տոկոսով վնասել է Դողս գյուղի բնակիչների բերքը: Համայնքի ղեկավար Մեսրոպ Ադամյանը Orer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բերքից բացի` գյուղացին այլ նյութական վնասներ նույնպես կրել է:
«Կարկուտը ինչին կպել, վնասել է, կոտրվել են տների տանիքները, պատուհանների ապակիները: Մենք հաշվառումներն արել են և ներկայացրել ենք մարզպետարանին, մարզպետարանն էլ ներկայացրել է Կառավարությանը, բայց մինչ օրս կոնկրետ որևէ պատասխան չենք ստացել»,- ասաց Դողս համայնքի ղեկավարը:
Նա նաև տեղեկացրեց, որ երկու օր առաջ էլ կառավարությունից եկել և տների տանիքներն են զննել, բայց մինչ օրս դեռևս որևէ օգնություն չի տրամադրվել: Հարցին, թե գյուղացիներն ինչպես են կարողանալու այդ պայմաններում բանկերից վերցրած վարկերը փակել, Մ. Ադամյանը պատասխանեց.
«Այդ հարցով, բանկերն իրենց կողմից, կառավարությունն իրենց կողմից ամեն ինչ արել են, որ գյուղացիների տոկոսները կանգնեցնեն, քանի որ գիտեն, որ հնարավորություն չկա գումարները փակելու»:
Նա նաև հույս հայտնեց, որ մինչև օգոստոսի վերջ գյուղացու վնասը կփոխհատուցվի, հակառակ դեպքում առջևում կրկին անձևներ են սպասվում և կոտրված տանիքներով ու առանց ապակիների հնարավոր չի լինի ապրել:
Տեղեկացնենք, նաև, որ Orer.am-ի ուշադրության կենտրոնում են նաև մնացած այն համայնքները, որոնք նույնպես տուժել են կարկուտի հետևանքով և պատրաստակամ է բոլոր համայնքների խնդիրները բարձրաձայնել, որպեսզի որևէ համայնքի խնդիր անուշադրության կենտրոնում չհայտնվի և գյուղացիներն էլ կարողանան վերականգնել իրենց կորցրածը:
Ա.Գրիգորյան