Պատարագով, երգ ու պարով Շիրակի թեմում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
КультураՊատարագով, երգ ու պարով Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմում նշվեց Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Թեմի աթոռանիստ Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում ձեռամբ թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանի մատուցվեց Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը: Հայ կնոջ համար Սբ Կույսն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Թեմակալ առաջնորդը պատգամ հղեց կանանց՝ հետևել Աստվածամորը: «Աստվածածնի Վերափոխման տոնը եւս մեկ առիթ է, որ վերափոխվել բառը եւս մեկ անգամ օգտագործենք մեզ համար: Աստվածամայրը վերափոխվեց երկրից դեպի երկինք, այնպես, որ սա հրավեր է մեզ բոլորիս վերափոխվելու մայր հողի վրա: Կինն արհամարված էր Եվայի մեղքի հետեւանքով: Աստված Աստվածամոր միջոցով ներում է այս մեղքը: Սուրբ գրքում Մարիամ Աստվածածնի արտաքին գեղեցկության մասին հիշատակումներ չկան, փոխարենը՝ նկարագրված է առաքինությունը, հեզությունը, խոնարհությունը, համեստությունը, պարկեշտությունը: Հայ կանայք ոչ թե պետք է մեզ իրենց արտաքին բարեմասնություններով զարմացնեն, այլ ներքին բարեմասնություններով՝ առաքինությամբ, համեստությամբ, եւ իրենց ընտանիքներում լինեն օրինակելի՝ ոչ Եվայի նման, որ Ադամին տարավ կործանման»,- նշեց թեմի առաջնորդը ՝ տղամարդկանց էլ պատգամելով գնահատել ու գուրգուրել իրենց կանանց:
Ս.Աստվածածնի վերափոխման տոնին համընկնում է նաեւ մեկ այլ տոն` Խաղողօրհնեքը: Նույն օրը ` հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նաեւ Խաղողօրհնեքի արարողություն:
Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա՝ հասունացած առաջին բերքը զոհաբերել Աստծուն կամ տաճարին: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1):
Տոնական տրամադրություն էր Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝ այս տարի առաջին անգամ եկեղեցու նորաստեղծ երիտասարդաց միությունը՝ ՀՅԴ «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի հետ միասին, ազգագրական երգ ու պարով նշեց տոնը՝ փորձելով վերականգնել ավանդականը: Պարերը, քահանայի օրնությունն ու տոնի խորհրդի մեկնությունը, բակում ավանդական ուտեստներով ու մրգերով զարդարված սեղանը հավաքվածներին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն ավելի տոնական դարձրեց: «Վերջին տարիներին փորձ է արվում բոլոր տոներն ավելի ավանդական դարձ նել: Իսկ երիտասարդների, պատանիների ու երեխաների միջոցով պետք է վերականգնել ժամանակին կորցրածն ու արմատացնել»,- ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության նախագահ Նազիկ Նիկոլյանը: