ՊԵԿ-ը շարունակում է թաքցնել իրականությունը
ЭкономикаՊԵԿ-ն օրեր առաջ ամփոփեց 2016թ. առաջին կիսամյակը` հանրությանը որոշ համեմատական թվեր ներկայացնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ու չնայած դրանք բավարարել են ոլորտի պատասխանատուներին, արձանագրենք, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի դիտարկմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մարմինների կողմից եկամուտների ապահովման վրա էական ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ:
181 խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից տարվա առաջին կիսամյակում 10.0 մլն դրամ և ավելի չափով պակաս վճարումներ են կատարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր նվազումը կազմել է 30.0 մլրդ դրամ, ինչն արձանագրվել է հանքարդյունաբերության, կապի, էներգետիկայի, բանկային ոլորտներում:
Այսինքն, պարզ է դառնում, որ նշված ոլորտները սկսել են վնասով աշխատել և քիչ հարկեր վճարել: Դա բնական է, քանի որ կարասն ինչքան էլ մեծ լինի, անհատակ չի կարող լինել և հանքարդյունաբերության վրա հույսը դնելով հարկային մուտքեր ապահովելու հույսով թվեր նկարելու վերջը մի օր պետք է գար, էլ չենք ասում մնացած փոքր ու միջին բիզնեսից «սպասվող» հարկային մուտքերը, որոնք այդպես էլ չկարողացան ո´չ իրականություն դառնալ, ո´չ էլ ապահովել ցանկալի արդյունքներ:
Ինչևէ, Orer.am-ը, անդրադառնալով հունիս ամսվա ընթացքում հավաքագրված ցածր ցուցանիշներին, նշել էր, որ դրանք այնքան քիչ են եղել, որ նույնիսկ չեն հրապարակվել: Հիմա էլ պարզվում է, որ հուլիսը հունիսից ավելի վատ ցուցանիշներով է ՊԵԿ-ը ամփոփել:
Թեև թվեր հրապարակելը ՊԵԿ-ի ամենաչսիրած զբաղմունքներից է, ընդգծենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, հուլիսի տվյալները սարսափելի նվազ են եղել, որը, ամենայն հավանականությամբ, ՊԵԿ-ը նույնպես չի հրապարակի:
Բայց, եթե հունիսի դեպքում այն հնարավոր եղավ պարտակել առաջին կիսամյակի ընդհանուր հաշվետվությունների մեջ, ապա հուլիսի տվյալները հասարակությունից թաքցնելը կարծես չի ստացվի:
Ակնհայտ է, որ ինչ-որ բան այլևս առաջվանը չէ: Գուցե հենց դա է պատճառը, որ ՊԵԿ ղեկավարը կառավարությանը խնդրեց բարձրացնել իրենց աշխատավարձերը: Այդ դեպքում հարց է ծագում, որ եթե իսկապես աշխատավարձերի վերանայման խնդիրն այդքան հրատապ էր, ապա ինչպես է պատահել, որ երկար տարիներ ՊԵԿ ղեկավարները կարողացել են ավելի ցածր աշխատավարձով աշխատել ու դեռ մի բան էլ պարզ ճակատով հայտարարել, որ իրենց մտերիմները չեն օգտվել իրենց պաշտոնական դիրքից և փոխարենն այնքան խելացի և հաջողակ գործարարներ են եղել, որ հայաստանյան իրականությունում կարողացել են իրենց բիզնեսները հիմնել, հաջողություններ արձանագրել և անսահման հարստանալ:
Արմինե Գրիգորյան