Եթե միջամտություններ չլինեին, բանակցություններն ավելի կարճ կտեւեին ու չէինք ունենա այսքան թվով վիրավորներ. Թեւան Պողոսյան
ИнтервьюՄինչ օրս քննարկման ակտիվ թեմա է Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա ծռեր» խմբավորման հետ բանակցություններ վարելը ու ստեղծված վիճակը թերեւս ամենաքիչ կորուստներով հանգուցալուծելը։ Ոչ պակաս ակտիվ է քննարկվում նաեւ քաղաքական գործիչների, պատգամավորների պասիվ դրսեւորումներն ամենաթեժ ու բավական կարեւր պահին։ Թե ինչպես ստացվեց, որ բանակցություններում որպես միջնորդ ներգրավվեց հենց Վիտալի Բալասանյանը եւ ինչու ստվերում մնացին ժողովրդի կողմից հարգանք վայելող անձինք, Orer.am-ը զրույցի ժամանակ պարզեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից։
«Շատերը քննարկման թեմա են դարձնում Վիտալի Բալասանյանի արցախցի լինելը։ Ես կարծում եմ, որ մենք նրան չպետք է դիտարկենք որպես Արցախից եկած բանակցող: Այո´, գեներալն Արցախից է, սակայն բանակցությունների ժամանակ նա հանդես էր գալիս որպես անձ, ով ավելի շատ վստահություն ուներ երկու կողմի` ինչպես զինված խմբի, այնպես էլ իշխանությունների մոտ։ Հասկանալի է, որ հազարավոր մարդիկ միգուցե եւ ցանկություն ունեին հանդես գալ որպես միջնորդ կամ բանակցող, սակայն պետք է գիտակցենք մեկ բան, եթե չկա վստահություն երկու կողմի մոտ, ապա որեւէ մեկը չէր կարող ո´չ որպես միջնորդ հանդես գալ, ո´չ էլ բանակցություններ վարել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե ուրախ է, որ այսօրվա դրությամբ ունենք մինիմալ արյան գնով իրավիճակի հանգուցալուծում:
«Սակայն դա ընդամենն այսօրվա իրավիճակի հանգուցալուծումն է ու չի նշանակում, որ ամբողջ խնդիրը, որը ձեւավորվել էր եւ դրա հետ կապված իշխանության բոլոր սխալները կարելի է համարել հանգուցալուծված։ Այսօրվա դրությամբ գնդակն ավելի շատ գտնվում է իշխանությունների դարպասում եւ իրենք բոլոր մեղավորներին, ովքեր նպաստել են` ձեւավորելու Հայաստանում անհանդուրժողականության ու անարդարության մթնոլորտ, պետք է հեռացնի կամ պատժի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակցությունների ժամանակ, բացի գեներալից, որեւէ պաշտոնյայի կամ հեղինակավոր անձի միջամտությանը կամ աջակցությանը, Թ. Պողոսյանն ասաց. «Լինելով բանակցությունների մասնագետ` ինձ մշտապես հարցրել են, թե ինչու կարեւոր պահին չենք գնում ու ժողովրդի կողքին չենք կանգնում, ես մշտապես պատասխանել եմ, որ եթե կան բանակցություններ, ապա որեւէ մեկն իրավունք չունի խառնվել այդ իրավիճակին։ Իրավճակում խառնվողն իրականում չի ունենալու այն տեղեկությունը, որը ձեւավորվել է բանակցությունների ժամանակ։ Էմոցիոնալ ու բարդ բանակցությունների ժամանակ ամենավատ բանը միջամտելն է։ Եթե միջամտություններ չլինեին, ես վստահ եմ, որ բանակցություններն ավելի կարճ կտեւեին ու վստահության մթնոլորտի մեջ կավարտվեին եւ չէինք ունենա այսքան թվով վիրավորներ»,-ասաց պատգամավորը
Սոսե Չանդոյան