Իրականում ոչինչ թաքուն չի արվելու եւ այնպես չէ, որ միակողմանի զիջում է լինելու. Կարինե Աճեմյան
ИнтервьюՎերջին շրջանում կրկին ակտիվացել են Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ տարատեսակ հայտարարություններն ու ենթադրությունները, որոնք հիմնականում կապված են Արցախի հողերի մի մասի վերադարձի եւ Ադրբեջանի կողմից Արցախը` որպես անկախ Հանրապետություն, ճանաչելու հետ։
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված խոսակցություններն ակտիվացել են ե՛ւ Հայաստանում, ե´ւ միջազգային քաղաքական դաշտում: «Այս ամենը պարզապես պայմանավորված է նրանով, որ ե´ւ վերլուծաբանները, ե´ւ քաղաքական որոշ ուժեր պարզապես շահարկում են այդ թեման: Իրականում ոչինչ թաքուն չի արվելու եւ այնպես չէ, որ որեւէ միակողմանի զիջում է լինելու»,- ասաց նա՝ հավելելով, թե «փոխզիջում» ասվածի տակ քաղաքականության մեջ գտնվող մարդիկ գիտեն, որ կարելի է հասկանալ հազար ենթադրություն։ «Իրականում այս հարցը բանակցությունների երկար ճանապարհ պետք է անցնի»,- նշեց նա:
Կարինե Աճեմյանը կարեւորում է այս փուլում Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցությունները. «Ղարաբաղյան կողմի՝ բանակցությունների սեղան վերադարձն իրականում ամենաճիշտ տարբերակն է հարցի լուծման համար։ Որպեսզի խուսափենք պատերազմից, պետք է բանակցենք»։
Պատգամավորը նկատում է, որ խնդրի լուծման վերաբերյալ հասարակությունը կարծես բաժանվել է երկու մասի. «Հասարակությունը բաժանվել է երկու մասի: Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք մի այնպիսի տարածաշրջանում, որ չպետք է որեւէ երկրի հետ հարաբերություն խզենք, իսկ մյուսի հետ լավացնենք: Հակառակը, որքան հնարավոր է, ակտիվ ու դինամիկ կերպով պետք է զարգացնենք ե´ւ քաղաքական, ե´ւ տնտեսական կապերը բոլոր երկրների հետ»։