Անձը հաստատող երեք փաստաթուղթ՝ տարբեր «բոյի» և գույնի
ОбществоՊարզվում է` անձը ցանկության դեպքում կարող է ունենալ և՛ նույնականացման քարտ, և՛ կենսաչափական անձնագիր, և՛ հին նմուշի անձնագիր:
ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն Orer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներն ապահովելու նպատակով համապատասխան օրենքում փոփոխությունների նախագիծ է ընդունվել, որով թույլատրվել է ստանալ նաև հին նմուշի անձնագիր:
Պարզվում է, որ օրենքում նման փոփոխությունների պատճառը պրակտիկայում պատահող դեպքերն են եղել, որի ժամանակ անձը, դիմելով որևէ երկրի դեսպանատուն, տվյալ երկիր մուտք գործելու վիզա ստանալու համար ստիպված է լինում օրերով առանց անձնագրի մնալ:
Այդ ընթացքում երկրից դուրս գալու հրատապ անհրաժեշտության դեպքում անձն այլևս ստիպված չի լինում հետաձգել իր գործերը և երկրորդ անձնագրով կարող է հանգիստ ճամփորդել:
Պարզվում է, որ լինում են նաև դեպքեր, երբ անձը միաժամանակ ցանկանում է դիմել երկու տարբեր երկրների դեսպանատներ և երկու անձնագիր ունենալու դեպքում կարող է միաժամանակ դիմել երկու դեսպանատուն:
Համաձայնեք, որ անհասկանալի վիճակ է ստեղծվում, երբ նույն մարդը միաժամանակ հնարավորություն է ունենում անձը հաստատող երկու տարբեր փաստաթղթերով տարբեր վայրերում լինել: Հարց է ծագում, թե արդյո՞ք այն ավելի չի դժվարացնում անձի գտնվելու վայրի մասին գաղափար կազմելը և նրա մասին տեղեկություն ստանալը: Պարզ չէ, թե նման պրակտիկա կա՞ արդյոք այլ երկրներում, թե՞ սա կրկին հայկական նորամուծությունների շարքից է:
Orer.am-ի վերոնշյալ գրավոր հարցմանն ի պատասխան Մ. Բիչախչյանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ, Վրաստանում նույնիսկ մի քանի հատ կարող են ստանալ: Մեր ընթացակարգը, համենայն դեպս, ոչ մի բանի չի խանգարում, հօգուտ քաղաքացու է»:
Արմինե Գրիգորյան