ԱՎԾ-ն հրապարակել է հուլիս ամսվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները
ЭкономикаԱզգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է 2016թ.-ի հուլիս ամսվա ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն այդ տվյալների 2016թ.-ի հուլիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն նվազել է 4.3 տոկոսով: Չնայած տնտեսական ցուցանիշի անկմանը հատկանշական է, որ արդյունաբերական արտադրանքի և ծառայությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճեն են: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ի հուլիսին նախորդ տարվա հունիսի համեմատ աճել է 2.8 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 4.1 տոկոսով: Առևտրի ծավալները չնչին անկում են ապրել, նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 1 տոկոս, իսկ գյուղատնտեսության և շինարարության ոլորտում անկումը մի փոքր ավելի է՝ համապատասխանաբար 3.8 և 6.8 տոկոս:
Ինչ վերաբերվում է արտաքին տնտեսական հարաբերություններին, ապա արտահանումը հուլիս ամսին 2015թ.-ի հուլիսի համեմատ աճել է 13.2 տոկոսով, իսկ ներմուծումը կրճատվել է 9 տոկոսով:
ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե «հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2016թ.-ը բավականին լավ մեկնարկեցինք, ապա հուլիսին արձանագրված նվազումը ընդհանուր միտումների վրա բացասաբար է անդրադառնում»:
«Ինչպես գիտենք, 2016թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով արդյունաբերությունում նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8.9 տոկոս, գյուղատնտեսությունում՝ 3.3 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտը 8.3 տոկոսանոց աճ է գրանցել: Հատկապես կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ արդյունաբերական արտադրանքը 2016թ.-ի հունվար-հունիս ժամանակահատվածի բոլոր ամիսների ընթացքում աճ է արձանագրել նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատ:
Առկա վիճակագրական տվյալներից կարելի է եզրահանգել, որ առավել խոցելի ու խնդրահարույց են գյուղատնտեսության և շինարարության ոլորտները, մասամբ նաև առևտուրը: Թեև հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճ է արձանագրել: Կարծում եմ, որ առաջիկայում առավել հասցեական ծրագրեր պետք է իրականացվեն հենց այս ոլորտներում աճը խթանելու, ծավալները ընդլայնելու համար: Հատկանշական է, որ տարեսկզբից սկսած ամեն ամիս արտահանման ծավալները ավելի են, քան 2015թ.-ի համապատասխան ամիսներին»,- ասաց տնտեսագետը: