Նախորդ գյուղապետից 56 դրամանոց բյուջե ժառանգած Բարձրաշենի ղեկավարն իր թեկնածությունը չի առաջադրել
ИнтервьюԱրարատի մարզի Բարձրաշեն համայնքի ներկայիս ղեկավար Սուրիկ Սարգսյանը 2013 թվականին պաշտոնը ստանձնելուց հետո պարզել էր, որ նախորդ գյուղապետ Կամո Բաբայանից ընդամենը 56 դրամանոց բյուջե է ժառանգել: Հետո` երեք տարիների աշխատանքի արդյունքում, նրան հաջողվել է այն հասցնել մոտ 3 միլիոն դրամի, սակայն Ս. Սարգսյանը սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին որոշել է չմասնակցել:
Orer.am-ը փորձեց պարզել, թե հաջողություններ գրանցելուց հետո ինչու չի ցանկացել կրկին առաջադրվել, երբ նրա ղեկավարման օրոք Բարձրաշենում բավական հարցեր են լուծվել՝ գյուղի կենտրոնական ճանապարհի` մոտ 6 միլիոն դրամի ասֆալտապատման աշխատանքներ է իրականացվել, խճապատվել են համայնքի միջճանապարհային հատվածները, փոխվել է գյուղի ջրամատակարարման ցանցը, մասնակի վերանորոգվել է Մշակույթի տունը դրսում բնակվող բարձրաշենցիների օժանդակությամբ, կատարվել է մանկապարտեզի վերանորոգում և այլն: Երեք տարի առաջվա 56 դրամանոց բյուջեի հետևանքով նրա լարվածությունն արդեն անցել է և նա այլևս չի ցանկանում քննադատել իր նախորդին.
- Չեմ ուզում քննադատել ինձնից առաջ աշխատող գյուղապետին, դրա գնահատականը բնակիչները տալիս են:
-Իսկ ինչո՞ւ չեք ցանկացել կրկին առաջադրվել, քանի որ կարողացել եք բավական արդյունավետ աշխատել և զարգացնել համայնքը:
- Երեք տղա ունեմ, երեքն էլ Ռուսաստանի Դաշնությունում են և կան գործեր, որոնք այսօր տղաներս չեն հասցնում իրականացնել, և իմ կարիքն այնտեղ ավելի շատ է զգացվում: Եթե ես կարողանամ մոտ չորս ամսով բացակայել հանրապետությունից, ավելի հանգիստ խղճով կկարողանամ ապրել:
-Փաստորեն պատճառը զուտ անձնական է:
-Այո, այո: Ասեմ ավելին: Ես շատ շնորհակալ եմ և՛ մարզպետարանի աշխատակիցներին, և՛ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ լրացուցիչ գումար է տրամադրվել մանկապարտեզի վերանորոգումը ավարտին հասցնելու համար:
-Փաստորեն Բարձրաշենի համայնքի ղեկավարի պաշտոնի համար այսօր չորս թեկնածու է պայքարելու, որոնք բոլորն էլ ինքնաառաջադրված թեկնածուներ են, մեկը ՀՀԿ-ական է, մյուսները` անկուսակցական: Ձեր կարծիքով` ո՞վ կլինի Բարձրաշենի հաջորդ ղեկավարը:
-Բոլոր առաջադրվածներին էլ հաջողություն եմ մաղթում: Մեր հասարակությունը սպասում է, թե ես թեկնածուների մասին ինչ կարծիք կհայտնեմ, բայց ես չեմ ուզում թեկնածուների մասին որևէ հայտարարություն անել: Ով էլ անցնի, աշխատանքի ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես է աշխատում, այդ ժամանակ էլ կանգնեմ նրա կողքին:
- Ձեր կարծիքով` պայքարը թե՞ժ է լինելու:
-Ոչ այնքան: Մեզ մոտ փաստացի մոտ 800 ընտրող կմասնակցի ընտրությանը, և անցողիկ կլինի 200-250 ձայնը, որն այնքան էլ դժվար չէ ստանալը:
Ա. Գրիգորյան