Վստահ եմ՝ գործադիր մարմնում չեն լինի հնամաշ ու հնոտի դեմքեր, որոնք ունեն վատ հեղինակություն. Վ. Մկրտչյան
ИнтервьюՎարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման ու վերջինիս կողմից իրականացվելիք փոփոխությունների հետ կապված սպասելիքները մեծ են քաղաքական տարբեր հարթակներում գտնվող գործիչների մոտ։ Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նորանշանակ վարչապետը սկսել է արմատական փոփոխություններ, ինչի շուրջ էլ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հետ։
Ըստ Վ. Մկրտչյանի՝ գործադիր մարմնում իրականացվող փոփոխությունները նախեւառաջ պայմանավորված են ՀՀ նախագահի ցանկությամբ։ «Մայիսի վերջին մի հայտարարություն արեցի, որ ՀՀ-ում սկսվում է հեղափոխություն վերեւից, նման եզրահանգման եկա, երբ կարդացի նախագահի ելույթը ու ընկալեցի տողատակը։ Քառօրյա պատերազմը ձգձգեց որոշակի գործողություններ։ Հասել է ժամանակը, որ երկրի բարձրաստիճան ղեկավարները պետք է փոխեն կառավարման, ղեկավարման սկզբունքները բոլոր ոլորտներում։ Ես ակնկալում էի, որ այդ փոփոխությունները շատ ավելի շուտ կլինեն, սակայն ՊՊԾ գնդի գրավումը եւ որոշակի անկարգություններ հետաձգեցին այն։ ՊՊԾ գունդը գրաված անձանց հանձնվելուց հետո նախագահն ասաց, որ կլինեն նկատելի փոփոխություններ ու ազգային համաձայնության կառավարության ձեւավորում կլինի, ինչն արդեն տեսնում ենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նախկին վարչապետին ու նրա կողմից իրականացված աշխատանքներին ու բացթողումներին, պատգամավորը նկատեց, որ Հ. Աբրահամյանը բարդ ժամանակաշրջանում է կառավարել ու իր գործառույթները լավ է իրականացրել, այլ բան է, որ արդյունքներն այդքան էլ գոհացնող չեն եղել, ինչն ունի իր օբեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները. «Օբեկտիվը բոլորիս պարզ է, իսկ սուբյեկտիվն այն է, որ բյուջեն կարող էր ավելի շատ համալրվել, սակայն այդպես չի եղել, երկրորդ՝ բյուջեն արդյունավետ չի ծախսվել, սակայն այս երկու հանգամանքը միշտ է եղել՝ 25 տարիների ընթացքում»։
Կարեն Կարապետյանի ու նրա հետ կապված ակնկալիքների, դրական տեղաշարժի վերաբերյալ էլ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես անձամբ պարոն Կարապետյանին չեմ ճանաչում, նրա բնավորությանն ու սկզբունքներին ծանոթ չեմ։ Գիտեմ մեկ բան, որ այս կարեւոր պահին նախագահը չէր կարող անսկզբունքային մարդու առաջադրել վարչապետի պաշտոնում։ Պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ կադրերով կհամալրվի մեր կառավարությունը։ Վստահ եմ՝ գործադիր մարմնում չեն լինի հնամաշ ու հնոտի դեմքեր, որոնք կունենան վատ հեղինակություն, որոնց վերաբերյալ հանրությունն ունի բացասական վերաբերմունք, չեն լինի մարդիկ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ թաղված լինելու մեջ»,- ասաց նա՝ հավելելով, թե էական փոփոխություն կլինի նաեւ կառավարման վերակազմակերպման տիրույթում։
«Կարծում եմ, որ էական փոփոխություններից անմասն չեն մնա արտաքին գործերի նախարարության գործառույթները՝ դեսպանների մասով, քանի որ կառավարությունը, որպեսզի հաջողի, պետք է համայն հայության ջանքերի կենտրոնացմամբ թռիչք ապահովի, այս ջանքերը նշանակում են ներդրումներ։ Ներդրումներ պետք է իրականացնեն նաեւ սփյուռքի, արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունները»,- ասաց վերջինս։
Վահրամ Մկրտչյանը կարծում է, որ նոր կառավարությունը նոր ոճ կորդեգրի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում եւս. «Երբ մադրիկ տեսնեն, որ կառավարության աշխատակիցներն իրենց հղփացած չեն պահում ու նրանց կենցաղն ավելի համեստ է, կստեղծվի վստահություն տվյալ կառույցի շուրջ։ Եթե նախարարը պետք է խոսի ներդրումների մասին, բայց շրջի 100 հազարանոց մեքենայով, պարզ է, որ վստահության մասին խոսելը միամտություն կլինի»։
Սոսե Չանդոյան