Արդարադատության կապիտանից՝ փոխգնդապետ. Արմեն Հարությունյանի թռիչքային աճը՝ հարցերի պատճառ
АналитикаOrer.am-ն արդեն անդրադարձել է ներկայիս ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու փաստին՝ արձանագրելով, որ ՀՀ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և տեղակալի պաշտոնները դասակարգված են որպես բարձրագույն խմբի պաշտոններ և այդ պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ունենա արդարադատության գեներալ-մայորի կոչում: Ա. Հարությունյանը, սակայն, կոչումով ընդամենը արդարադատության փոխգնդապետ է:
Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ կոչումների սանդղակում նա թռիչքային աճ է ունեցել՝ կապիտանից միանգամից ստանալով արդարադատության փախգնդապետի կոչում, որը նույնպես հաճախ հանդիպող երևույթ չէ, եթե չասենք՝ անհնարին: Կոչումների հարցում հերթականություն գոյություն ունի, և այդտեղ, որքան էլ թեկնածուն «գերազանցիկ»-ի համարում ունենա, այնուամենայնիվ, չի կարող մի քանի աստիճան շրջանցելով դառնալ փոխգնդապետ:
Ստացվում է, որ հրաշագործ ու ամենաստեղծ «աջի» զորությունն է նրան օգնել կոչումների «կարիերայում» նման աճ գրանցել, ինչը նույնպես օրենքի խախտում է: Ու թեև վերոնշյալ անձը բազմաթիվ պարգևներ ու մեդալներ է ստացել իր աշխատանքային գործունեության ընթացքում, այնուամենայնիվ, կոչման հարցում նման թռիչքային «ձեռքբերումը» անմեղ մի հարցի պատճառ է դառնում, թե ինչու է նրա դեպքում անհնարինը դարձել հնարավոր, իսկ եթե պրակտկայում կարելի է նման թռիչք ապահովել այս կամ այն անձի դեպքում, ապա որ օրենքով և ինչու մյուսների պարագայում նման «օրենքը» սովորաբար չի գործում:
Հուսանք, որ մեր ակնարկը կօգնի լույս սփռել այս անհասկանալի պատմության մութ էջերի վրա, հակառակ պարագայում կրկին կարող ենք արձանագրել, որ օրենքները հիմնականում գործում են սովորական մահկանացուների համար, իսկ «ընտրյալների» հարցում, չգիտես ինչու, կյանքն ավելի շռայլ է ու առատաձեռն:
Արմինե Գրիգորյան