Քաղաքն ապրելով են սիրում, հակառակ դեպքում այն նման է վիրտուալ սիրուն. Ա. Փիլիպոսյան
Интервью«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, որը նաև մասնակցում էր «Էրեբունի-Երևան-2798»- ամյակի առիթով Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսի բացման արարողությանը, Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տոնի խորհրդին, ասաց, որ որքանով ծանոթ է հին երևանցիների կենցաղին ու բնավորության գծերին, նրանք եղել են շատ սրտաբաց, իրենց քաղաքը սիրող և իրենց քաղաքի համար շատ բան զոհաբերելուն պատրաստ անձինք: Նրա ցանկությունն է, որ ներկայիս երևանցիները նույնպես նման որակներ ունենային, հնարավորինս պահպանեին Երևանը և քիչ լքեին այն։
«Քաղաքը միայն սիրելով չէ, քաղաքը նաև ապրելով է քաղաք և եթե քաղաքը ապրելով չես սիրում, այլ այն սիրում ես հեռվից, ապա դա նման է վիրտուալ այն սիրուն, որը կարող ես նկարների կամ նկարչի հանդեպ ունենալ: Քաղաքը մնում է քաղաք, երբ դու ինքդ գործում ես այնտեղ և քո ներկայությամբ ինչ-որ մի բան ավելացնում կամ պակասեցնում ես այնտեղ: Վերջին երկու-երեք տարիներին նման միջոցառումները շատ կարևոր են և միտված են կոնկրետ մի նպատակի: Երկու տարի հետո մենք նշելու ենք Երևանի 2800-ամյակը և մեկ անգամ ևս առիթ ունեք ասելու, որ մենք՝ երևանցիներս, աշխարհի հնագույն քաղաքներից մեկի բնակիչներն ենք և դրանով հպարտանալու շատ ու շատ բան ունենք»,- ասաց Ա. Փիլիպոսյանը:
Հարցին, թե արդյո՞ք այդ հպարտությունը նույնպես վիրտուալ սիրո չի նմանվում, քանի որ ոչ բոլորն են իրենց մեջ կրում և կարողանում արժանապատվորեն վերաբերվել հնագույն քաղաքի բնակիչ լինելու կոչմանը, ավելին, այն փոխանցել նաև հաջորդ սերունդներին, Ա. Փիլիպոսյանը պատասխանեց. «Այն կա մեր հոգում և սրտում ու թեև այն չի երևում, բայց այն վիրտուալ չի կարող լինել, իսկ այն, ինչ ձևական ենք անում, դա էլ ժամանակի խնդիր է: Շատ լավ տնօրեն ունեինք՝ Գևորգ Տիրացյանին մի օր հարցրեցի, ինչ պետք է անենք, որ վատը նվազեցնենք, քանի որ դա, միևնույնն է, ուժով չես կարողանա անել, ասաց. «Ջուրը, երբ պղտորվում է, պետք է թողնել, որ հանդարտվի և մաքրվի, այնպես որ ջուրը կմաքրվի և մաքրությունն ավելի տեսանելի կդարձնի այն լավ կողմերը, որոնք եղել են և կան»։
Պատմական գիտությունների պրոֆեսոր Փիլիպոսյանը, որը Հայաստանի տարածքում ոչ միայն մասնակցել է մի շարք հնագիտական արշավախմբերի աշխատանքներին, այլև ղեկավարել դրանք, խոսելով Էրեբունի արգելոց- թանգարանի պատմական արժեքի մասին, նշեց, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական արշավախումբ է այնտեղ աշխատում, իսկ արդյունքները շատ հետաքրքիր են։
«Նոր դրվագներ են բացվում, որոնց մասին պատկերացում անգամ չունեինք և դեռ այդ մասին խոսելու և մեկնաբանելու շատ առիթներ կլինեն: Ինչ վերաբերում է այն ներկայացնելուն, ապա երկու տարի առաջ ամենաբարձր մակարդակով խոսել ենք այն մասին, թե արդյոք ժամանակը չէ ուրարտագիտական հետազոտությունների կենտրոն հիմնելու համար: Ես համոզված եմ, որ եթե նման կենտրոն հիմնվի, ապա ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում Վանի թագավորությանը վերաբերող ուրատագիտական ներուժը կկարողանանք կենտրոնացնել այդտեղ: Իսկ այդ ներուժը մենք ունենք»,- ասաց Ա.Փիլիպոսյանը:
Նա նաև նշեց, որ համոզված է, որ նման հզոր գիտական պոտենցյալի համախմբումը միանշանակ կխթանի մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը, որը նաև շատ կարևորագույն խնդիր կլուծի: Ա. Փիլիպոսյանի խոսքով՝ հետազոտությունները նաև հետաքրքրություն են առաջացնում թե՛ տեսական առումով, թե՛ հուշարձանի հանդեպ, որը նաև կնպաստի այդ տարածքի վերակառուցմանը և հանրայնացմանը:
Արմինե Գրիգորյան