Չայրվող կաթսաներ`«Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ
ИнтервьюՊարզվում է՝ Հայաստանում ոչ բոլոր գործարաններն են փոշիացվել, կան նաև այնպիսիք, որոնց հաջողվել է նույնիսկ արտադրությունը շարունակել:
Զարմանքով տեղեկացանք նաև, որ Հայաստանում սկսել են արտադրել չայրվող կաթսաներ, թավաներ, որոնք իրենց որակական հատկանիշներով մի քանի անգամ գերազանցում են դրսից ներկրված նմանատիպ արտադրանքը, քանի որ տեղում արտադրվածն անցնում է անհրաժեշտ բոլոր փուլերը և բացի այդ՝ ավելի էժան է, քան նմանատիպ ներկրվողները:
Orer.am-ի հետ զրույցում գործարանի տնօրեն Սերոբ Հայրապետյանն ասաց, որ գործարանը հիմնադրվել է 1939թ.: Ինքն աշխատում է այնտեղ 1982 թվականից, սկզբում գլխավոր մեխանիկ է եղել, այնուհետև՝ տնօրեն: 1992-ին գործարանը դարձել է առանձին ձեռնարկություն, որի բաժնետերերը գործարանի աշխատողներն են: Հետաքրքիր է, որ նրանց հաջողվել է պահպանել թե՛ խորհրդային տարիներից մնացած հաստոցները, թե՛ բարձրակարգ մասնագետներին, թե՛ նախկին տարիների եռանդը:
«Մեզ մոտ խորհրդային կարգերը պահպանվել են: Սկզբում ունեինք 450 աշխատող: 1992թ. աշխատողների թիվը կրճատվեց մինչև 200, իսկ ներկայումս աշխատատեղերի թիվը 22 է: Արդեն 15 տարի ավելի է՝ այդ կազմով ենք աշխատում, արտադրում էինք ալյումինե, ցինկապատ և չժանգոտվող պողպատե տնտեսական ապրանքներ, սակայն վերջերս սկսել ենք նաև արտադրել չայրվող կաթսաներ և պղինձներ»,- ասաց գործարանի տնօրենը:
Վերջին շրջանում սկսել են աստիճանաբար հայկական արտադրանքը ներկայացնել նաև տեղական շուկայում: Ի տարբերություն ներկրվածի՝ տեղական ապրանքը մակնշված է՝ «Արտադրված է Հայաստանում», իսկ արտադրություն կազմակերպելու համապատասխան սարքավորումները պատրաստել են իրենց ուժերով:
«Ինչ վերաբերում է ալյումինի և այլ կաթսաների արտադրությանը, բոլոր սարքավորումները պահպանել ենք, անգամ 1978-80-ականների գերմանական մեխանիկական մամլիչներ ունենք, որոնք աշխատում են: Ունենք նաև հիդրոմամլիչներ, որոնք նույնպես պահպանվել են խորհրդային տարիներից: Մենք կարող ենք կրկին ավելացնել աշխատատեղերի թիվը՝ հասցնելով 400-ի, եթե համապատասխան շուկա լինի»,- ասաց գործարանի տնօրեն Սերոբ Հայրապետյանը:
Ի դեպ, գործարանի արտադրանքը թեև վաճառվում է մայրաքաղաքի խանութներում, բայց ամեն տեղ չէ, որ կարելի է հանդիպել: Դրանք դեռևս քիչ քանակությամբ են արտադրվում, բայց գործարանի տնօրենի խոսքով, իրենց արտադրանքի որակն այնքան բարձր է շուկայում վաճառվող նմանատիպ ապրանքի որակից, որ այն պետք է, որ գնահատվի սպառողի կողմից:
«Մենք ստուգել ենք դրսից ներկրվող չայրվող կաթսաների որակը և տեսել ենք, որ դրսից ներկրվածների դեպքում տեխնոլոգիան ամբողջությամբ չի պահպանվում: Բացի այդ, դրսից ներկրված ապրանքի մետաղը ձուլածո է, իսկ մեր չայրվող թավաներն ու ամանները արտադրվում են սննդային ալյումինից, որն ավելի թանկ արժե: Այժմ աշխատում ենք բարելավել պայմանները, որպեսզի մեր արտադրանքի ինքնարժեքն իջնի և կարծում ենք, որ հաջողություն կունենանք»,- ասաց Ս. Հայրապետյանը:
Արմինե Գրիգորյան