Հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ համարելը հանցագործություն է երկրի և ժողովրդի հանդեպ. Հ. Սանասարյան
ИнтервьюԿանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որն արդեն հասցրել է հանդիպել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի հետ, Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ լավ տպավորություն է ստացել հանդիպումից և կարծում է, որ եթե նախարարին հնարավորություն տան, ապա նա իր վրա դրված պարտականությունները կկարողանա կատարել:
«Իհարկե, այդ ամեն ինչը կախված է երկրի վարչապետից և գխավորապես ՀՀ նախագահից, քանի որ մինչ օրս բնապահպանության նախարարները և, ընդհանրապես, նախարարները իրենց ֆունկցիան չեն կարողացել կատարել, քանի որ ենթարկվել են վերադասի կամայական կարգադրություններին: Չնայած բնապահպանության նախախարի նշանակումը բավական հաջող ընտրություն է, սակայն, հաշվի առնելով նշված հանգամանքը, մեծ հույսեր չեմ կապում, որ նրան կհաջողվի իր ճաշակով աշխատել և մեր երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրներում, օրինակ՝ միջուկային էներգետիկայում և հանքարդյունաբերությունում լուրջ փոփոխություններ կատարել»,- ասում է Հ. Սանասարյանը:
Մասնագետի խոսքով՝ քանի դեռ հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ է մնում, մենք կշարունակենք կորցնել մեր երկրի հողային և ջրային պաշարները, որոնք հանքարդյունաբերության հետևանքով վարակվում են ծանր մետաղներով ու դառնում օգտագործման համար ոչ պիտանի, նաև նվազելու է ջրագոյացումը: Կանաչների միության նախագահն ընդգծում է, որ թեև մենք հպարտանում ենք մեր մաքուր ու սառնորակ ջրերով, ծիրանով և բարձորակ գյուղատնտեսական մթերքով, սակայն դրանք ի չիք դարձնելու քաղաքականություն ենք վարում: Այսինքն, տրամաբանությունից ամբողջովին զուրկ է հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ համարելը, և դա կարող են անել միայն այն մարդիկ, որոնց համար ազգ ու հայրենիք հասկացությունները գոյություն չունեն, դա խավարամտություն է կամ թշնամություն մեր երկրի նկատմամբ:
«Հայտնի է, որ Հայաստանի որոշ հանքերի հանքաքարերում և դրանց պարփակող ապարներում առկա է նաև շատ փոքր խտությամբ ուրան, որն անվանվում է «ցրված ուրան», որն իր ցածր խտության պատճառով հնարավոր չէ կորզել: Հետևաբար, պոչամբարներն ու հանքարդյունաբերության մյուս թափոնները, այն էլ հանքարդյունաբերության այսօրվա բարբարոս ու գիշատչական զարգացման պայմաններում, տարեցտարի ավելանալով պատճառ են դառնում, որ աճի ճառագայթային ֆոնը, որն էլ կարող է մեծացնլ կենդանի օրգանիզմների նորագոյացություններով հիվանդացությունների քանակը»,- ասում է Հ.Սանասարյանը:
Մասնագետի խոսքով՝ եթե հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնները հարկվեն և հանքարդյունաբերությամբ զբաղվողները պետական բյուջե մուծեն նաև իրենց կողմից պետությանը հասցրած վնասի դիմաց, ապա նման ավերածություններ չեն լինի, կկանխվի Հայաստանի ամայացման գործընթացը, քանի որ այդ պարագայում մետաղների ցածր պարունակությամբ հանքավայրերը նույնիսկ չեն կարողանա ծածկել իրենց ծախսերը:
Հ. Սանասարյանն ասում է նաև, որ կառավարությունը պետք է մոռանա հանքարդյունաբերությունը գերակա շահ համարելու մասին, քանի որ դա հանցագործություն է սեփական երկրի և ժողովրդի հանդեպ։ «Իրականում, այս «հանք» ասվածները հանքեր էլ չեն, այլ հանքերևակումներ են, դրանք կոռուպցիայի արդյունքում կոչվել են հանքեր»,- ասում է մասնագետը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից է նաև էներգետիկան, որը անհեռատեսորեն փորձում են կապել միջուկային էներգետիկայի զարգացման հետ: Մեր երկրի ղեկավարները կարծես տեղյակ չեն դրանց հետևանքով առաջացող անդառնալի վնասների մասին, կարծես չեն էլ լսել Չեռնոբիլի մասին: Ըստ նրա՝ միայն միջուկային էներգետիկայի զարգացմամբ տարված պաշտոնյաները գիտեն, թե ինչու են կեղծելով նվազեցնում ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը և ինչու են ատոմակայանի տարածքը սեյսմոտեկտոնիկայի առումով համարում բացարձակ անվտանգ:
Արմինե Գրիգորյան