Օրենքը պարտադրողն ինքն է խախտում օրենքը
Аналитика«Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ»: Այս կարգախոսը վազով տողով, անվերջ ու անդադար, իրար հաջորդելով պտտվում է ԴԱՀԿ պաշտոնական կայքէջում: Եվ գուցե հենց դա է պատճառը, որ ԴԱՀԿ կառույցը՝ որպես օրենքը հարկադրող ուժ, այնքան է «ամրացել», որ իրեն նույնիսկ կարող է օրենքից վեր դասել, շատ անգամ նույնիսկ օրենքը շրջանցել:
Orer.am-ը նախկինում անդրադարձել է ԴԱՀԿ պետի պաշտոնակատարի նշանակման փաստին՝ նշելով, որ նրա կոչումն ու պաշտոնն անհամատեղելի են, բայց ստացվում է, որ հարկադրելու ընդունակություններով օժտված կառույցի աշխատակիցները միայն անմեղ ժողովրդին են կարողանում օրենքը պարտադրել, իսկ երբ խոսքն իրենց մասին է, կարող են ոչ միայն օրենքը շրջանցել, այլև քարի պես լուռ մնալ: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն, թաքնվելով իր հորինած բանաձևի տակ, կարող է իրեն ինչ ասես թույլ տալ, նույնիսկ հանգիստ խախտել ոչ միայն օրինականության գիծը, այլև տրորել նույն այդ օրենքը:
Մինչ օրս մեր անդրադարձներն այդպես էլ մնացին անպատասխան ու այդպես էլ պարզ չդարձավ, թե ԴԱՀԿ-ն իր կողմից խախտած օրենքի մասով ինչ մեկնաբանություն կամ բացատրություն է փորձելու ներկայացնել: Այնուամենայնիվ, հասարակությունը պահանջում է լույս սփռել այն հարցադրումների վրա, թե ինչպես է պատահել, որ կառույցի ներկայիս ժ. պ. ղեկավարը ոչ միայն կոչման մեջ է կարողացել թռիչքային աճ ունենալ և կապիտանից միանգամից արդարադատության փախգնդապետ դառնալ, այլև այդ կոչումով նույնիսկ նշանակվել ԴԱՀԿ պետի պաշտոնակատար, ինչը կրկին օրենքի խախտում է:
Ու ամենահետաքրքիրն այն է, թե նման պայմաններում ինչպես է Արմեն Հարությունյանը կարողանում օրենքի պարտադրանքից խոսել իր ենթակաների մոտ, եթե հենց ինքն է առաջինը խախտում օրենքը և այնպիսի կեցվածք ընդունում, թե ոչինչ էլ չի եղել:
Արմինե Գրիգորյան