Ինչպես կախարդական փայտիկ չկա, այնպես էլ՝ կախարդական քայլեր
АналитикаՊայքար ստվերի, կոռուպցիայի և անարդար ճանապարհով ստեղծվող մենաշնորհների դեմ: Սրանք այն երեք հիմնական խնդիրներն են, որոնք էլ հենց կործանել են երկրի տնտեսությունը: Միամտություն կլինի կարծելը, թե իշխող կուսակցությունը մեկ-երկու տարի և դրանից էլ առաջ դրա մասին չգիտեր, առավել ևս, որ հենց ՀՀԿ-ի քավորությամբ էր այն հասել անկառավարելի չափերի՝ ընդգրկելով տնտեսության՝ անխտիր բոլոր ուղղությունները:
Ի դեպ, ՀՀԿ-ի օրոք վարչապետի պաշտոնը ստանձնած բոլոր անձինք էլ, չնայած նշել են, որ կախարդական փայտիկ չունեն, սակայն վստահեցրել են, որ փոխարենը կախարդական մտքեր ունեն և գիտեն, թե ինչ կանեն նշված արատավոր երևույթների դեմ պայքարելու համար: Ասել է, թե չի բացառվում, որ մեծ ցանկություն, այնուամենայնիվ, ունեցել են ստվերը, կոռուպցիան, հովանավորչությունը և մենաշնորհը վերացնելու համար, բայց այդ «մեծ» ցանկությունն այդպես էլ կոնկրետ գործ չի դարձել, քանի որ մի դեպքում ուժը չի բավարարել, մյուս դեպքում, հավանաբար, ցանկությունը:
Փոխարենը, նախորդ վարչապետները, ցույց տալու համար, որ չեն ելել երկրի շալակը, այլ իրականում «գործ» են ուզում անել, կա՛մ փոխում էին կառավարության արտաքին «շպարը», կա՛մ դիզայնը, բայց այդ ճանապարհին այդպես էլ որևէ փոփոխության չենթարկվեց անփույթ աշխատաոճը, այլ փոխվեց ընդամենը վարչապետն ու նրա վստահելիների խումբը:
Դրանից այդպես էլ ո՛չ մենաշնորհները վերացան, ո՛չ կոռուպցիան, ո՛չ ստվերը, ո՛չ էլ այդ չարաբաստիկ հովանավորչություն ասվածը:
Ու բնական է, որ խոսքը գործ չէր էլ կարող դառնալ, քանի որ ինչպե՞ս կարող էին երկար տարիներ կոռուպցիոն այդ մեծ ու փոքր համակարգերը ստեղծած մարդիկ հանկարծ հանուն վեհ գաղափարի կամ հանուն սեփական անձի հանդեպ տածած մեծ հարգանքի, ինքնակամ որոշեին, որ ՀՀԿ-ի հովանոցի տակ կանգնելով հանդերձ՝ պետք է հրաժարվեն իրենց գրպանը մտնող ձախ եկամուտից:
Իսկ թե ինչու այս անգամ նույն այդ ՀՀԿ-ն որոշեց ծանր ժառանգությունը «փաստաթղթավորելու» հարցը վստահել ոչ թե յուրային ՀՀԿ-ականին, այլ ոչ յուրային Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը, ցույց կտա ժամանակը:
Ստացվում է, որ հասել է անցած տարիների ընթացքում նախորդ կառավարությունների եփած շիլան նույն այդ անձանց, ասել է թե ՀՀԿ-ի յուրայիններին «հյուրասիրելու» ժամանակը, իսկ դրանով միայն կկարողանա զբաղվել մի մարդ, ով ո՛չ այդ կաթսայի կրակից տաքացողներից է եղել, ո՛չ էլ նույն շիլան եփողներից: Սրանով է պայմանավորված նոր կառավարությունից այդքան բարձր ակնկալիքներ և սպասելիքներ ունենալը, որը և նախորդ կառավարությունների առջև այդքան լուրջ չի դրվել:
Ի դեպ, վերին օղակներում հիշել են նաև, որ պաշտոնական դիրքի չարաշահումից բացի նաև գոյություն ունեն պարտականություններ, որոնք պետք է անվերապահորեն կատարել:
Բացի այդ՝ օրենքի և իրավունքի մասին տեսական գիտելիքների կամ մկանների հերթական ցուցադրությունից բացի իշխանությունները պետք է անցնեն կոնկրետ գործողությունների, որին արդեն երկար ու ձիգ 25 տարի սպասում է հասարակությունը ու այս ճանապարհին, թե ով կհայտնվի մսաղացի մեջ, կրկին ցույց կտա նույն այդ հրաշագործ ու անսխալական ժամանակը:
Արմինե Գրիգորյան