«Մոլորված» բանգլադեշցին Հայաստանում դատապարտվեց 1 տարվա ազատազրկման
ОбществоNews.am-ը գրում է.
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող, բանգլադեշցի Արաֆադ Կամրուջաման Հոսսանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հոսսանն օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից անցնելով գետը եւ հաղթահարելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելքները, առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է պահպանվող պետական սահմանը եւ շարժվել դեպի ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Այստեղ նա հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:
Հոսսանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ Հոսսանին է նման միջնորդություն ներկայացրել՝ նշելով, որ իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ընդունում է: Հաշվի առնելով, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է սահմանել ազատազրկում 1 տարի ժամկետով:
Նշենք, որ ավելի վաղ Հոսսանի փաստաբանը NEWS.am-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալը պնդում է՝ ինքը Թուրքիա էր մեկնել արտագնա աշխատանքի, որտեղ էլ պարզապես մոլորվել եւ հայտնվել Հայաստանում: Հոսսանի խոսքով, ինքը նպատակ չի ունեցել ապօրինի հատելու ՀՀ պետական սահմանը: