Հայաստան բանան ներկրողը բացում է փակագծերը
ОбществоՕրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն` Միհրան Պողոսյանը դեռևս շարունակում է վերահսկել բանանի «շուկան»: Տեղեկության մեջ ասվում էր նաև, որ նա խորհուրդ է տվել ոչ թե վարչապետի՝ «յուրաքանչյուր ոք կարող է ամեն ինչ ներկրել» արտահայությանը հավատալ, այլ հակառակը՝ նման հեքիաթների չհավատալ:
Մամուլում տեղ գտած լուրը, թե գործարարներից մեկն իսկապես որոշել է իր բախտը փորձել ու բանան ներկրել Հայաստան, ճիշտ է, բայց այն, որ գործարարին ինչ-որ մեկը սպառնացել է, կարծես չի համապատասխանում իրականությանը:
Ի դեպ, այդ բիզնեսում իր ուժերը փորձած անհատ ձեռներեցը փորձել է հերքում պահանջել լուրը տարածող լրատվամիջոցներից՝ նշելով, որ նման տեղեկություն հրապարակելուց առաջ լավ կլիներ, որ իրեն նույնպես լսեին, սակայն լրատվամիջոցը չի ցանկացել հերքել լուրը՝ նշելով, որ այն խմբագրությանն է հասել սեփական աղբյուրների միջոցով, ուստի ներկրողին լսելու անհրաժեշտություն չի առաջացել:
Գործարար Արեգ Արամյանը որոշել է այդ հարցը պարզաբանելու համար դիմել մեր խմբագրությանը: Ընդառաջելով՝ Orer.am-ը հրապարակում է գործարարի խոսքն առանց կրճատումների, առանց մեկնաբանությունների և ամբողջությամբ.
«Ես ամսի 22-ին բանան էի ներմուծել: Ինչ-ինչ պատճառներով մինչև Հայաստան հասնելը ճանապարհներին երկար ժամանակ մնալու պատճառով բանանի մոտ 30 տոկոսը լավ վիճակում չէր՝ փչացել էր: Հասկանալով, որ չեմ կարողանա այն նորմալ գնով վաճառել, կապվել եմ «Քեթրին գրուպի» հետ, և իրենք ինձ օգնել են, որ ես այն վաճառեմ նրանց՝ ինձ համար հարմար գնով: Դրանից մեկ շաբաթ անց է լուրը հրապարակվել, որ ես ինչ-որ մարդկանց եմ տեսել, ինչ-որ խոսակցություններ եմ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ես այդ մարդուն չեմ տեսել և խնդրում եմ հերքել լուրը: Այդ ընկերությունն ինձ օգնել է, և ես իմ բանանը վաճառել եմ նրանց՝ ինձ հարմար գնով: Իրենք ինձ լավություն են արել, բայց ստացվում է, որ ես դժգոհել եմ նրանցից: Ես ուզում եմ ասել, որ նման բան չեմ արել: Ընդհակառակը, շնորհակալ եմ, որ ինձ օգնեցին ողջ խմբաքանակն իրացնել, քանի որ ներկրված ապրանքի 30 տոկոսն արդեն սևացել էր»,- ասաց Արեգ Արամյանը:
Արմինե Գրիգորյան