Ինչո՞ւ մարդիկ չեն այցելում գրադարաններ
ИнтервьюՕրերս Facebook սոցիալական ցանցում տարածվեց մի հարցախույզ, որի նպատակն էր պարզել, թե ինչու մարդիկ գրադարաններ չեն այցելում: Անշուշտ, հարցն արդիական է այն առումով, որ գրադարանները, որտեղ պահվում և պահպանվում է ահռելի քանակությամբ արժեքավոր գրականություն, ժամանակին մարդկանց կյանքի անբաժանելի մասն էին կազմում, ինչն այսօր կարծես թե այդքան էլ այդպես չէ:
Orer.am-ը փորձեց պարզել, թե ինչու է նման հարցը հետաքրքրել և հարցախույզն ինչ նպատակով է իրականացվել: Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս Նանա Մանուկյանը:
- Տիկին Մանուկյան, ո՞րն է գրադարաններ ացելելու մասին հարցախույզի հիմնական նպատակը:
- Հարցախույզ անցկացնելու հիմնական նպատակը մեկ անգամ ևս հիշեցնելն է մեր գրադարանների մասին և ընթերցողների կարծիքների հիման վրա փորձել գրադարանը դարձնել ավելի գրավիչ և մրցունակ: Նաև կարևորել նոր տեխնոլոգիաների դերը գրադարանային գործում՝ հարցախույզը տեղեկատվություն է տարածում գրադարանում ստեղծված Էլեկտրոնային շտեմարանների և Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի մասին:
- Սովորաբար հարցախույզները թաքնված խնդիրներն ի հայտ բերելու նպատակ են հետապնդում, խնդիրն ախտորոշելուց հետո արդյո՞ք այն կօգնի հանրային գրադարաններին վերանայել իրենց քաղաքականությունը, որպեսզի այն դառնա շատերի առօրյայի մի մասը:
- Գրադարանը համարվում է մշակութային կազմակերպություն, որն ունի կանոնակարգված հավաքածու, դրա պահպանության և ցուցադրության կազմակերպման համար համապատասխան շենք-շինություններ կամ բացօթյա ցուցադրության հնարավորություն: Իրականացնում է գիտահետազոտական գործունեություն, կոչված է ծառայելու հասարակությանը, նպաստելու նրա զարգացմանը և հասանելի է հանրությանը:
Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ պետությունը սկսում է աստիճանաբար իր վրայից հանել «գրադարաններ պահելու» բեռը և կամաց-կամաց գրադարաններին մղում է ինքնագործունեության դաշտ՝ կրճատելով պետական ֆինանսավորման չափը: Այսպիսի գրադարաններում բյուջեի մեծ մասը կազմում է ոչ թե պետական ֆինանսավորումը, այլ ներդրումները մասնավոր հատվածից և սեփական գործունեությամբ ձևավորված հասույթը: Եթե գրադարանը կարողանա զարգացնել սեփական իմիջը, գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը, ներգրավել հովանավորների, ինչը կնպաստի գրադարանի ներքին կառավարման համակարգի որակի բարձրացմանը, ապա մարքեթինգի հետևողական կիրառության շնորհիվ այս փուլերը կհաջորդեն միմյանց և գրադարանը կհասնի ավելի բարձր մակարդակի:
- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ չեն այցելում գրադարան:
- Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ժամանակակից գրադարանը պետք է ապահովի էլեկտրոնային գրքերի և տպագիր գրքի, հին ձեռագրերի միասնական գոյատևումը՝ որպես մշակույթի տարբեր դրսևորումներ՝ իրար լրացնող: Ավանդական գրքին միացել են գիրք կարդացող հարմարավետ էլեկտրոնային սարքերը: Մեր հարցախույզի նպատակներից մեկն էլ գրադարանների զարգացման նոր ուղիներ փորձել գտնելն է:
Հ.Գ. Ի դեպ, ցանկության դեպքում հետևյալ հղմամբ՝ https://ru.surveymonkey.com/r/7XP6KZL կարող եք մասնակցել հարցախույզին, քանի որ իսկապես կարևոր է պարզելը, թե ինչու մարդիկ չեն այցելում գրադարաններ, ինչը կօգնի խնդրով մտահոգ անձանց առավել լավ պատկերացում կազմել դրա պատճառների մասին:
Արմինե Գրիգորյան