Վրացական շքանշան հայ կինովավերագրողին
КультураԵրևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում տեղի ունեցած ցերեկույթը դարձավ հայ-վրացական դարավոր բարեկամության ևս մեկ դրսևորում։ Միջոցառումը, որ կազմակերպել էին Հայաստանում Վրաստանի դեսպանությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, «Հայաստան-Վրաստան մշակութային կապեր» ընկերությունը, Թբիլիսցիների միջազգային ակումբը, նվիրված էր հայ անվանի կինովավերագ րող Էդուարդ Էդիկիսելովին Վրաստանի «Պատվո շքանշան» շնորհելուն։
Ցերեկույթը ներածական խոսքով բացեց «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։ Խոսելով Էդուարդ Էդիկիսելովի՝ որպես վավերագրողի մասին, նա շեշտեց, որ նրա վավերագրական ֆիլմերը չափազանց արժեքավոր են ու մնայուն։ Օրվա հերոսին որպես Թբիլիսցիների միջազգային ակումբի նախագահի բնութագրելիս, ճանաչված կինոգետը շեշտեց, որ նրա հասարակական գործունեությունը միտված է հայ-վրացական կապերի հետագա խորացմանը, երկու դրկից ժողովուրդների մշակութային կապերի զարգացմանը։
…Էդուարդ Էդիկիսելովի ֆիլմերից, մասնավորապես, հայտնի են Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված վավերագրական ֆիլմերը Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Գեղամ Գրիգորյանի մասին։
Հիրավի արվեստի մեծ գործեր են Էդիկիսելովի նկարահանած «Անուշ», «Դավիթ Բեկ», «Տրավիատա» և «Ալեկո» ֆիլմ-օպերաները, «Ամբոխները խելագարված», «Դոն Քիշոտ», «Երիտասարդական բալետ» ֆիլմ-բալետները։
Կինովավերագրողը լիամետրաժ ֆիլմ է նկարահանել Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասին։
Էդուարդ էդիկիսելովի անմիջական նախաձեռնությամբ 2000 թվականին ստեղծվել են Թբիլիսցիների միջազգային ակումբը և ԱՕԿՍ-ին առընթեր «Հայաստան-Վրաստան մշակութային կապերի» ընկերությունը։ Հասարակական այդ կազմակերպությունում ընդգրկված են ծննդով թբիլիսցի ճանաչված գիտնականներ, բժիշկներ, դերասաններ, լրագրողներ, ովքեր տարիներ շարունակ ապրելով ու ստեղծագործելով Հայաստանում, կապերը չեն խզում իրենց ծննդավայր Թբիլիսիի հետ և ըստ ամենայանի ծառայում են հայ-վրացական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։
Ցերեկույթի ժամանակ հիշատակվեց Էդիկիսելովի կենսագրությունից մի դրվագ ևս. 1962 թվականին նա որպես օպերատոր աշխատել է «Հյուսիսային բևեռ-12» կայանում և, ինչպես ասում են, «ձեռքի հետ» հիմնադրել հեռավոր Նորիլսկ քաղաքի հեռուստաստուդիան։
ՀՀ-ում ՎՀ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, հրապարակելով Էդուարդ Քրիստափորի Էդիկիսելովին «Պատվո շքանշանով» պարգևատրելու մասին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրամանագիրը՝ սրտանց շնորհավորեց անվանի կինովավերագրողին, շեշտելով նրա ծառայությունը հայ-վրացական բարեկամության խորացման ուղղությամբ։
Ցերեկույթում ելույթ ունեցան և օրվա հերոսին շնորհավորեցին ու նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթեցին Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, «Ռուսաստանի բարեկամներ» բարեգործական ընկերության նախագահ Բաբկեն Վարդանյանը, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը, Արցախի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։
Էդուարդ Էդիկիսելովը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախագահին իր համեստ աշխատանքը բարձր գնահատելու համար։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ցերեկույթը կազմակերպողներին ու բոլոր ելույթ ունեցողներին այն բարի խոսքերի համար, որ ասվեցին իր հասցեին։
Լևոն Ազրոյան, «Արմենպրես»-ի թղթակից