Հեծանիվ. առողջ տրանսպորտը գրավում է երևանցիներին
ОбществоՀեծանիվ վարելու մշակույթը երկար տարիների պատմություն ունի եվրոպական երկրներում, սակայն Հայաստանում այս մշակույթը համեմատաբար նոր է: Եթե, օրինակ, Ֆրանսիայում սովորական է, որ պաշտոնյան աշխատանքի գնա հեծանվով, ապա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի՝ հեծանվով երթևեկելը մեծ իրարանցում բարձրացրեց հասարակության շրջանում: Ս րանով հանդերձ Հայաստանում աստիճանաբար մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են երթևեկել հեծանվով:
Հեծանվասերների կյանքը վերջին շրջանում հատկապես աշխուժացել է մայրաքաղաք Երևանում: Ալբերտ Ստեփանյանը, օրինակ, հեծանիվ սկսեց վարել Գյումրիից Երևան տեղափոխվելուց հետո, երբ հասկացավ, որ հեծանվով երթևեկելը խցանումներից խուսափելու, գումար խնայելու ու ինչու ոչ՝ բնությանն ու մարդկանց չվնասելու համար լավ տարբերակ է:
Միհրան Վանյանը, խոսելով երևանյան հեծանվային կյանքի մասին նշում է. «Գնալով ավելի են շատանում հեծանիվը որպես ամենօրյա տրանսպորտ օգտագործողները, սակայն հարց է՝ ինչքանո՞վ է քաղաքն առավել հարմար դառնում հեծանվորդների համար»: Ըստ Միհրանի՝ մեծագույն խնդիր է հեծանվուղիներ չունենալը, ինչի բացակայության բացասական հետևանքներն զգացել է սեփական մաշկի վրա՝ վրաերթի է ենթարկվել հեծանիվ վարելիս: «Մայթով ես քշում, մարդկանց ես խանգարում, մարդիկ են քեզ խանգարում, ճանապարհով ես քշում, իմ օրն ես ընկնում»,- նշում է Միհրանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի խոսքով ևս Երևանում հեծանիվ վարելն ամենաանվտանգ զբաղմունքներից չէ:
Վերջին շրջանում ավելացել է նաև հեծանվով երթևեկող աղջիկների թիվը: Աղջիկ հեծանվորդների ու իր հանդեպ մարդկանց վերաբերմունքի մասին Սիլվա Խնկանոսյանը պատմում է. «Այն, թե ինչպես կարող է հայ աղջիկը հեծանիվ քշել և նման բաներ, չեմ լսում, քանի որ սովորաբար ականջակալներով եմ լինում ։ Հիմնականում դիմացս եմ նայում ու մարդկանց դեմքի արտահայտություններն էլ չեմ տեսնում։ Բայց ինձ թվում է՝ արդեն այդ փուլն էլ է անցել. հիմա ավելի հանգիստ են նայում ու շուտ ընկալում»:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-2015թթ. Հայաստան ներմուծվող հեծանիվների թիվը աճել է մոտ 14 հազարով՝ 23 հազար 668-ից հասնելով 37 հազար 729-ի: My bike և City bike խանութներից էլ մեզ փոխանցեցին, որ վերջին շրջանում Հայաստանում մեծացել է հեծանիվ գնողների թիվը: Գնորդների մեծ մասը երիտասարդերն են, սակայն տարիքային մեծ խմբի ներկայացուցիչները ևս իրենց չեն զրկում հեծանիվ վարելու հաճույքից:
Հաճույքը՝ հաճույք, սակայն պետք չէ մոռանալ նաև անվտանգության մասին, իսկ անվտանգ երթևեկելու համար անհրաժեշտ է գումար չխնայել. պարզվում է, որ նորմալ որակով հեծանիվ կարելի է գնել միջին հաշվարկով 250,000 դրամի սահմաններում: Արդեն հեծանիվ ունեցողներին էլ իր ծառայություններն է առաջարկում դեռ մեկ տարին չբոլորած հայկական անվճար հավելվածը՝ Velopark-ը: Հավելվածը հնարավորություն է տալիս հեծանվորդներին ամփոփ տեղեկատվություն ստանալ Հայաստանում գտնվող հեծանվային կայանատեղիների, խանութների, վարձակալության կետերի և պահեստամասերի, հեծանիվ վերանորոգելու հնարավորությունների մասին:
Հավելվածի առավելություններից է այն, որ նախ հավելվածն աշխատում է օֆլայն ռեժիմով և որ հենց իրենք՝ օգտատերերը հնարավորություն ունեն ավելացնել նոր վայրեր քարտեզի վրա: Velopark-ից այժմ օգտվում է 400 օգտատեր, որոնցից ոչ բոլորն են Հայաստանից: Ըստ հավելվածը ստեղծող «Ափարգ» ընկերության PR պատասխանատու Գայանե Հարությունյանի՝ հավելվածը ունի գործառույթներ, որոնք հատկապես օգտակար են ճանապարհորդելու դեպքում. «Հեծանիվը կայանելիս կարող եք հեծանվի գտնվելու վայրը ֆիքսել, և եթե անծանոթ վայրում եք կարող եք չանհանգստանալ, որ հեծանվի կայանած վայրը չ եք գտնի»:
Պետական մակարդակով ևս անդրադարձել են հեծանվասպորտի զարգացմանը. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ բոլոր ցանկացողներին ամեն օր ժամը 20:00-ին հնարավորություն կտրվի անվճար հեծանիվ վարել սովորել: Նախարարությունից ասացին, որ քանի որ իրենց ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկը մասսայական սպորտի պրոպագանդումն է, իրենք նպատակ ունեն ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել հեծանվասպորտի մեջ: Նախարարության ենթակայությամբ գործող հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում անվճար հիմունքներո վ ու մարզիչների հսկողությամբ մարզումներ անցնելու համար արդեն շուրջ 30-40 հեծանվասեր է գրանցվել:
Լիանա Անդրեյան