Մտավորականներն առաջարկում են զինծառայողներին հատուցման գումարը գանձել կամավորական սկզբունքով
ОбществоՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման գաղափարը մտավորականները միանշանակ ճիշտ են համարում, սակայն առաջարկում են քննարկել կամավորության սկզբունքը: Նախագծի շուրջ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրուցեցին Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
«Կարծում եմ` յուրաքանչյուրը պատրաստ է աջակցել զինվորին: Ժողովուրդը միշտ եղել է զինվորի, բանակի, սպայի կողքին և դա բազմիցս ապացուցել է: Պարզապես գումարի գանձման պարտադիր ձևը սխալ է, պետք է կամավոր սկզբունքով սկսել, քանի որ ժողովրդի մի հատված չի վստահում իշխանությանը: Անհրաժեշտ է վերականգնել հավատը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանիխոսքով`գաղափարը միանշանակ ընդունելի է: «Սահմանին իրենց կյանքը վտանգի ենթարկող տղաներն արժանի են պաշտպանության: Խնդիրը օգնելու ձևի մեջ է: Կամավորության սկզբունքն անհրաժեշտ է, քանի որ կամավորություն՝ նշանակում է վստահություն, երկրի տերը քեզ զգալ: Հաճախ ենք խոսում այն մասին, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը, իսկ իշխանությունը` ժողովրդին: Անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել՝ հասկանալու համար, թե վերցված գումարներն ուր են գնում»,-ասաց Բաբայանը:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ընդգծեց, որ ստիպողականությունը երբեք լավ բանի չի հանգեցնում: «Կարծում եմ` և՛ մեծահարուստները, և՛ չունևորները պատրաստ են այդ գումարը վճարել: Հայերը միշտ են եղել հայ զինվորի կողքին: Կամավորական շարժումը սկիզբ դրեց Արցախում հաղթանակներին, նոր կանոնակարգվեց այդ ամենը: Գուցե նույնը պետք է հիմա անել` առաջ քաշել կամավորության սկզբունքը»,-նշեց Աղամյանը և հավելեց, որ քանի որ զինվորին աջակցելը համահայկական հարց է, պետք է կամավորության սկզբունքով այդ գործընթացի մեջ ներգրավել նաև Սփյուռքը:
Ըստ մտավորականների` օրինագիծը պարտադրելու դեպքում հասարակության և իշխանության միջև եղած անջրպետ կառաջանա: