Կարմիր խաչն օգնում է Հայաստանի սահմանամերձ գյուղի բնակիչներին
ОбществоԿարմիր խաչի միջազգային կոմիտեն Տավուշի սահմանամերձ Բարեկամավան գյուղում սկսել է նոր ծրագիր, որի միջոցով գյուղացիները ստացել են մեղվաբուծությամբ և անասնաբուծությամբ զբաղվելու հնարավորություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ պաշտոնական կայքը:
«Անվտանգության խնդիրները շարունակում են ազդել Տավուշի մարզի` Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքներում բնակվող մարդկանց գյուղատնտեսական ակտիվության վրա: Որպես դաշտավարության այլընտրանք` ԿԽՄԿ-ն Բարեկամավան գյուղում ներդրել է նոր նախագիծ»,- տեղեկացնում է կոմիտեն` հայտնելով, որ հատուկ ուսումնասիրության միջոցով առանձնացված ամենախոցելի ընտանիքներին առաջարկվել են այն տարբերակները, որոնք համապատասխանել են նրանց կարիքներին և հնարավորություններին:
Որպես արդյունք` Բարեկամավանի 20 ընտանիք ստացել են մեղվաբուծության և անասնապահության համար անհրաժեշտ պարագաներ: ԿԽՄԿ-ն հայտնում է, որ հաջորդ տարի նմանօրինակ ծրագրեր կիրականացվեն նաև Տավուշի այլ գյուղերում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը, խոսելով ծրագրի մասին, նշում է, որ սահմանամերձ շրջանների բնակիչները գտնվում են ավելի խոցելի վիճակում, քանի որ անվտանգության խնդիրների պատճառով հնարավորություն չունեն մշակելու այն տարածքները, որոնք հարում են սահմանին:
Գյուղի բնակիչ Յուրի Հարությունյանը, ով ներառված է ծրագրում, նշում է, որ անասնաբուծությամբ զբաղվելու արդյունավետությունը կախված է կենդանիների գլխաքանակից: «Մենք դժվարանում էինք շատացնելու հարցում, այդ պատճառով տրամադրված օգնությունը ճիշտ տեղին էր ու ճիշտ ժամանակին: Էլի մարդիկ կան, ովքեր հորթեր են գնել: Գուցե այնպիսի գլխաքանակ ունենանք, որ կաթի գործարանի անհրաժեշտություն առաջանա, որպեսզի կաթնամթերք ստանանք ու վաճառենք»,- պատմում է Յուրի Հարությունյանը: