Հիասթափությունից մինչեւ իրականացած երազանքներ. բալետի հայ պարուհու հաջողության գաղտնիքը (ֆոտո)
LifestyleNews.am-ը գրում է.
Բալետի պարուհի Արմինա Խաչատրյանը Հայաստանում մշտական բնակություն է հաստատել «պատահաբար»: Իսրայելում ծառայությունն ավարտելուց հետո ընդամենը մեկ ամսով Հայաստան եկած Արմինան չէր էլ պատկերացնում, որ այլեւս չի ցանկանա հետ վերադառնալ:
«Իսրայելում բանակում ծառայելուց հետո մի հետաքրքիր ավանդույթ կա. պետք է գնալ ընկերների հետ հանգստանալու: Ես էլ որոշեցի Հայաստան գալ մեկ ամսով, եկա ու մնացի, նաեւ ուզում էի «Պարիր թե կարող ես» նախագծին մասնակցել»,- ասում է Արմինան:
2 տարեկանից Իսրայել տեղափոխված աղջկա համար Հայաստանում սկզբում նույնքան դժվար էր, որքան Իսրայելում: Հիշում է` իսրայելական քաղաքում, որտեղ տեղախփոլվել էին Աշտարակից, հայկական համայնք չկար, իսրայելցի երեխաներն էլ իրեն ճիշտ չէին ընկալում, ծաղրում էին Հայաստանյան սովորություններ: Մի անգամ նույնիսկ, երբ դպրոց էր գնացել սեւ ու սպիտակ համազգեստով, դասընկերներն ասել էին` Հելոուի՞ն է:
«Ծնողներիս մի անգամ կանչեցին դպրոց ու ասացին, որ շատ գերակտիվ եմ, ավելորդ էներգիա ունեմ, չեմ կարողանում կենտրոնանալ, որոշեցին պարի տանել: Մինչեւ տասը տարեկան բալետի էի գնում, բայց հարթություն ունեի ու բալետային ոչ մի դեր չէին տալիս: Հիշում եմ` գալիս էի տուն, միացնում Չայկովսկի եւ պատկերացնում, որ բեմի վրա բալետ եմ պարում… Բալետի կոշիկներ ուսուցչուհիս թույլ չէր տալիս հագնել, ես էլ տանը վերցնում էի լվացքի հեղուկի կափարիչը, մտցնում ոտքերս ու սկսում շարժվել, մայրս ասում էր` գի՞ժ ես, աղջիկ ջան: Ստիպված էի թողնել բալետը, բայց միշտ դասական պարերի մասին էի մտածում: Ուսուցիչներս ասում էին` քեզ մոտ չի ստացվի, բայց ես տանն անընդհատ պարապում էի»,- պատմում է Արմինան:
Բալետ պարելու երազանքը աղջկան հանգիստ չէր տալիս: 20 տարեկանում Հայաստան գալուց հետո վերջնականապես որոշում է` երազանքն իրականություն դարձնել ամեն գնով: Ընդունվում է պարարվեստի ուսումնարան, մասնակցում «Երբ պարում են աստղերը» նախագծին:
«Ուսումնարանում բոլորն ինձնից տարիքով փոքր էին, ծիծաղելի էր, բայց ես շատ էի ուզում բալետով զբաղվել: Ուսուցիչներս ինձ ասացին՝ դու կարող ես, քեզ հավատում ենք, ու այսպես սկսեցինք սովորել, աշխատել, տանջվել: Ամեն օր գալիս էի դասից տուն, պարապում, պարապում ամբողջ գիշեր, առավոտյան նորից գնում դասի»:
Արմինան պատմում է, որ ինքը բալետի համար ֆիզիկական ոչ մի տվյալ չունի, ընդհանրապես զարմանալի է, որ հարթաթություն ունեցող եւ տարբեր վնասվածքներ ստացող պարուհին բալետային դերեր է ստանում, կարծում է` միայն իր աշխատասիրության եւ կամքի շնորհիվ է: Արդեն որոշել է` պարը զարգացնելուն զուգահեռ նաեւ արվեստի դպրոց է հիմնելու հատուկ այն կարիքավոր երեխաների համար, որոնց շրջապատում կոտրել են, ասել են` դու ոչնչի չես հասնի: Արմինան, աչքի առաջ ունենալով Իսրայելում անցկացրած տարիները, երբ պարուսույցներն իրեն ասում էին` դու ոչնչի չես հասնի, պատկերացնում է, թե ինչ կարող է անել ոչ ճիշտ ասված յուրաքանչյուր խոսքը. «Ուզում եմ, որ այդ դպրոցում երաժշտություն, նկարչություն, պար սովորեն այն երեխաները, որոնք հոգեբանական խնդիրներ ունեն, իրենց ուժերին չեն հավատում: Հայաստանում շատ երեխաների ես տեսնում, որոնք կոտրվել են, ուզում եմ նրանց ցույց տալ, թե ինչպես կարող են պայքարել, ոտքի կանգնել հենց իմ օրինակով»:
Երազանքն իրականություն դարձնելուն դեռ շատ կա, 25-ամյա Արմինան չի հուսահատվում, իր երազանքից մի շատ փոքր մաս այսօր էլ է իրականացնում` պարի անվճար դասընթացներ կազմակերպելով մանկատներում: Իսրայելում ծնված եւ մեծացած աղջկան հաջողվում է պարեցնել նույնիսկ այն փոքրիկներին, որոնք հրաժարվում են առհասարակ շփվել մարդկանց հետ:
«Այդ երեխաների ժպիտը»,- լռում է մի քանի վայրկյան, ապա դանդաղ շարունակում, կարծես բառերը դժվարությամբ է գտնում. «Երբ որ ուրիշներին օգնում ես, դա ուրիշ տեղեր է բացում սրտիդ մեջ»:
Թեեւ Հայաստանում ապրելն Արմինայի եւ եղբոր համար դժվար է, ընտանիքից հեռու են, աշխատավարձը չի բավականացնում, ոչ մի վայրկյան չի փոշմանել «պատահաբար» այստեղ հայտնվելու համար, բոլոր երազանքներն ու նպատակները հենց Հայաստանի հետ է կապում:
«Մարդիկ կան մտածում են` Հայաստանն ապրելու տեղ չէ, փող չկա, համաձայն եմ, Հայաստանում շատ դժվար պայմաններ են, բայց եթե ուղեղը ճիշտ աշխատացնի, ճիշտ մտածի... անգամ ընկնելով կարող ես այստեղ բարձրանալ… Ուզում եմ, որ կյանքիս վերջին օրը զգամ, որ ինչ-որ փոփոխություն եմ արել այս աշխարհում, թեկուզ դա լինի մի քանիսի մեջ, բայց թող լինի, որ իմանամ, օգնել եմ: Եթե չես կարող ամբողջ աշխարհը փոխել, ապա փոխիր մեկ մարդու աշխարհը»,- խոսքը եզրափակում է Արմինան: