Թուրք-ադրբեջանական ավանտյուրան, Հայաստանն ու ՀԱՊԿ-ն
ИнтервьюԹուրքիայի նախագահ Էրդողանի օրերս արած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե երկրի սահմաններից, այլ Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից, մեծ ցնծություն է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ: Այդ հայտարարությանը զուգահեռ ադրբեջանական իշխանությունները սադրանքներ էին կազմակերպում Հայաստանի դեմ:
Թուրք-ադրբեջանական ավանտյուրայի եւ հնարավոր ռազմաքաղաքական զարգացումներ շուրջ Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով ասաց, որ վերջին զարգացումներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ հայաստանյան իշխանությունները հույսները պետք է դնեն իրենց վրա. «Մենք չպետք է մեր հույսը դնենք որեւէ ռազմական կամ տնտեսական կառույցից աջակցություն ստանալու վրա: Ես բազմիցս ասել եմ, որ ՀԱՊԿ-ն, որն Ադրբեջանում հեգնում ու անվանում են պուտինյան ՆԱՏO, փուչիկ կառույց է ու դրա վառ օրինակը Երեւանում Ղազախստանի դեսպանի հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցն է, որտեղ իրենց դիվանագետ կոչող այդ անձը փորձում է բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ն չի պաշտպանում ՀՀ-ի անվտանգությունը:
Ես չգիտեմ այդ դիվանագետ կոչվածը միտումնավոր է իրեն հիմարի տեղ դնում, թե ոչ, բայց փաստ է, որ այդ մարդը կամ ընդհանրապես տարածաշրջանի պատկերացում չունի, կամ նա բացեիբաց հայտարարում է, որ Ադրբեջանի հետ խնդիրներ ունենալու դեպքում Հայաստանը երբեւիցե ՀԱՊԿ-ի վրա հույսը չպետք է դնի: Նա հայտարարում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի՝ Տավուշի մարզի հատվածում տեղի ունեցած բախումները կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Նա նաեւ ասում է, որ Տավուշի մարզի մի մասը սահմանակից է Հայաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ:
Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը երբեւէ ագրեսոր պետություն չի համարվել ՄԱԿ-ի կողմից, երկրորդը՝ Տավուշի մարզն ու մռավի լեռնաշխթան իրարից հեռու են 200կմ, ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ ներկայացնող դիվանագետն այսպիսի անպատասխանատու ու անտրամաբանական հայտարարություններով հանդես գալ»:
Ըստ քաղաքագետի՝ այստեղից կարելի է անել մեկ հետեւություն. « Եթե վաղն ադրբեջանական կողմը Նախիջեւանից հարձակում սկսի Հայաստանի դեմ՝ նույն ՀԱՊԿ-ն պետք է ասի, որ իրենք չեն մտնի այդ խնդրի մեջ, քանի որ դա վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Արցախին: Այսինքն պատրվակ կգտնեն ՀՀ-ի կողքին չկանգնելու համար»:
Գ. Համբարյանը նշում է նաեւ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք լռում ենք. «Եվ դրա հետեւանքն է, որ իրեն շատ լկտի է պահում Բելառուսը, որի վերջին հակահայկական քայլն էր հանրաճանաչ բլոգեր Լապշինի ձերբակալությունն էր Մինսկում ու նրա արտահանձման ծրագրերն Ադրբեջանին: Պատերազմի ժամանակ նա հակահայկական հայտարարություններով հանդես եկավ: Նույնը կարող եմ ասել Ղազախստանի ու Ղրղստանի համար: Նրանք երբեք մեր կողքին չեն կանգնի:
Այսքանը հասկանալով՝ հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ՀԱՊԿ կազմի մեջ մտել, երբ նույն ՀԱՊԿ անդամ երկրներն անում են ամեն ինչ, որ ռոտացիոն կարգով ՀՀ ներկայացուցիչը չդառնա կազմակերպության գլխավոր քարտուղար»:
Քաղաքագետը վստահ է, եթե Ադրբեջանը ՀՀ-ի վրա հարձակվի Նախիջեւանի սահմանից, ապա ռազմական գործողություններին կմասնակցի նաեւ Թուրքիան՝ առաջ քաշելով ոչ լեգիտիմ ու ուժ չունեցող Կարսի պայմանագիրը:
Սոսե Չանդոյան