Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ
ЭкономикаԼիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 6-ին հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Դեսպանը կարևորել է այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվել է բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը:
Նշվել է վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը:
Վարչապետ Հարիրին ևս կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:
Կողմերը քննարկել են 2017թ. հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները: