«Անձամբ ես, կներեք իհարկե, թքած ունեմ էս տեսակ խուժան ընտրության վրա». Պ. Հայրիկյան
ИнтервьюՔիչ առաջ ԱԻՄ նախագահության արտահերթ նիստում որոշում է կայացվել դիմել «Ելք»-ին՝ ԱԻՄ-ին հրատապ կարգով արդեն կայացած դաշինքում ընդգրկելու և ապագա խորհրդարանական ընտրություններին նրանց հետ մասնակցելու համար: Կուսակցությունը նույնիսկ պատրաստակամություն է հայտնել չներկայացնել այնպիսի պահանջներ, որոնք մեկ օրվա ընթացքում լուծել հնարավոր չէ:
«Մենք դիմել ենք, բայց իրենք ինչ կորոշեն իրենց իրավունքն է: Դա ոչ միայն մեզ է պետք, այլ նաև իրենց: Իսկ ինչ վերաբերում է պահանջներ չներկայացնելուն, ապա խոսքը վերաբերում է նոր համագումար պահանջելուն, կամ ցուցակի հետ կապված հարցերին: Նման հարցերի շուրջ մենք պետք է նրբանկատություն ցուցաբերենք»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը:
Հարցին, թե ինչու ԱԻՄ-ը վերջին վայրկյանին նման որոշում կայացրեց, քաղաքական գործիչը հարցին հարցով պատասխանեց: «Ինչո՞ւ Հենրիկ Մխիթարյանը խաղի վերջում փոխարինվեց: Իրավիճակ փոխվեց, և նա փոխարինվեց մեկ ուրիշով: Աջ պաշտպանն էլ դարձավ ձախ պաշտպան: Մենք չենք ապրում աշխարհից մեկուսացված՝ մեր որոշումների շրջանակներում, այլ ապրում ենք կենդանի աշխարհում: Եվ այլ բան է սկզբունք փոխելը, այլ բան՝ իրավիճակի փոփոխության հետ համարժեք քայլեր կատարելը»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ տրամադրվել էր ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, սակայն իր վրա սկսված գրոհին դիմադրել չի կարողացել: Ընտրողների ճնշումներին անսալով՝ ԱԻՄ նախագահությունը հրատապ նիստ է գումարել և նման որոշում կայացրել: Հայրիկյանի խոսքով՝ իրենք ավելի վաղ նույնպես դիմել էին «Ելքին», իսկ դաշինքի կողմից իրենց դիմումին չարձագանքելը լոկ թյուրիմացության հետևանք է եղել:
«Անձամբ ես, կներեք իհարկե, թքած ունեմ էս տեսակ խուժան ընտրության վրա: Դա իմ ինչին է պետք: Կամ տարբեր քրեական հանցագործների հետ նույն տեղում գնալ նստելը: Դա ինձ պետք չի, իսկ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց հետ աշխարհի ծայրն էլ կգնամ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Խոսելով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում ընդգրկվելու և կարճ ժամանակ անց այնտեղից դուրս գալու մասին՝ քաղաքական գործիչն ասաց, որ միացել էին իրենց փորձը նաև նրանց սեփականությունը դարձնելու համար, սակայն ճիշտ աշխատաոճ սովորեցնել այդպես էլ չի հաջողվել:
«Չի կարելի դաշինք քանդելու դաշինք ստեղծել: Դրա համար իրենք կպատժվեն: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքնին, ապա մենք միանում ենք, որպեսզի հզորացնենք այդ դաշինքը: Այնպես որ դա երկու կողմերի համար էլ ձեռնտու է»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Արմինե Գրիգորյան