Երկիրը տանում են ընտանեկան բռնապետության ճանապարհով. քաղաքագետ
ИнтервьюՎերջին շրջանում Ալիեւի՝ մեկը մյուսին հաջորդող հուզական ու շտապողական քայլերը մի շարք լուրջ հարցերի տեղիք են տալիս: Կնոջը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելը թեեւ առաջին հայացքից շատերի մոտ ժպիտ առաջացրեց, սակայն իրականում դրա արմատները բավական խորն են:
Orer.am-ի հետ զրույցի ժամանակ, խոսելով թեմայի շուրջ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն առաջ քաշեց հիմնական մի քանի պատճառ. «Այդ քայլով Ալիեւը ցույց է տալիս, որ Ադրբեջանը զարգանում է դեպի կոշտ ավտորիտար ռեժիմ: Տվյալ պետությունը գնում է դեպի անազատության, եթե նախկինում ամենաբարձր պաշտոնայներ էին նշանակում իրենց կլանի ներկայացուցիչներին, ապա հիմա Ալիեւն իշխանությունը փորձում է կենտրոնացնել իր ընտանիքի շրջանակներում: Ադրբեջանի նախագահի համար անգամ հարազատները, բարեկամները կամ մոտիկ մարդիկ վտանգ են ներկայացնում, նա չի հավատում ոչ մեկին: Նրա այդ քայլը ցույց է տալիս, որ երկիրը տանում են ընտանեկան բռնապետության ճանապարհով»,-ասաց քաղաքագետը:
Խոսելով երկրորդ պատճառի մասին՝ Ս. Գրիգորյանը նախ հիշեցրեց դեռ անցած տարվա սեպտեբեր ամսին Ադրբեջանում անցկացված հանրաքվեն. «Երբ անցկացվեց Սահմանադրությունը փոփոխելու հանրաքվեն, մի քանի փոփոխություններ կատարվեցին: Սահմանադրական առաջին փոփոխությունն այն էր, որ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացվում է մինչեւ 7 տարի, պարզ է, որ դա արվում էր Իլհամ Ալիեւի համար: Երկրորդ փոփոխությունը կապված էր փոխնախագահի ու առաջին փոխնախագահի պաշտոնների հետ: Վերջին նշանակումը ցույց է տալիս, որ այդ փոփոխությունն իրականում իր կնոջ համար էր արվում: Կա նաեւ երրորդ փոփոխություն, որը եւս շատ կարեւոր է՝ նախագահին վերաբերող տարիքային ցենզը վերացվեց: Այլեւս ցանկացած քաղաքացի, ում 18 տարին լրացել է, կարող է նախագահ ընտրվել: Այս քայլն էլ արվել է Ալիեւի տղայի համար: Ինչպես հասկանում ենք, երկրի ղեկավարումը կփոխանցի ժառանգաբար»:
Քաղաքագետը նկատեց, որ Ալիեւի՝ կնոջը նման պաշտոն նշանակելու քայլը խոսում է նաեւ լուրջ վախերի մասին. «Այս պարագայում մենք պետք է կարողանանք օգտագորել ադրբեջանցիների սխալը, մենք պետք է ամբողջ աշխարհին հասցնենք այն իրականությունը, որն ասում է, որ Արցախը ոչ մի կոնտեքստով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ նրանք գնում են այլ ճանապարհով»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այն ռեժիմը, որը ձեւավորվում է Ադրբեջանում ոչ միայն կոշտ ավտորիտարիզմ կամ տոտալիտարիզմ է իրականում, այլ ունի արեւելյան վատ հատկանիշներ»:
Սոսե Չանդոյան